211652_close_icon
views-count2356 դիտում article-date 17:16 23-02-2017

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ԵՄ պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ

Երեկ՝ փետրվարի 22-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմինա Շտետինը (Չեխիա) Արցախ այցելելու և սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ավելին, ըստ տարածված տեղեկությունների՝ ադրբեջանական դատարանը Եվրոպական խորհրդարանի անդամներին արդեն իսկ կալանավորելու որոշում է կայացրել և իբր թե նրանք հետախուզվում են Ինտերպոլի տվյալներով: Ադրբեջանին չի հաջողվելու հասնել իր հետապնդած որևէ արդյունքի այս անիմաստ ու կեղծ տվյալներով հայտարարությամբ: Եվրախորհրդարանի պատգամավորները Ինտերպոլի բազայով հետախուզման մեջ չեն գտնվում, ինչպես արդեն պաշտոնապես հերքվել է ՀՀ ոստիկանության կողմից: Ալեքսանդր Լապշինի գործին հակադարձ նախադեպի սկզբունքով միջազգային գործիչների ու լրագրողների այցերն Արցախ դառնալու են ավելի հաճախակի: Դրան նպաստելու են Ադրբեջանի հենց այսպիսի արատավոր քայլերը: Դրա վառ ապացույցն էր ընդամենը մի քանի օր առաջ Արցախի նոր Սահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրից 104 միջազգային գործչի այցը Արցախ: Նրանք բոլորը, այդ թվում՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոխարուսը, Յարմիր Շտետինը իրական ժողովրդավարական արժեքներ կրող մարդիկ են: Միջազգային հյուրերի այցերն ու նրանց աշխատանքն Արցախում համարվել են ու միշտ էլ կհամարվեն իրավաչափ: Պետք է անդադար ու համառ աշխատանքով հասնել նրան, որ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի մեր հայրենիքի արցախյան հատվածն իր ժողովրդավարական ինստիտուտներով: Այդ ուղղությամբ պետք է աշխատենք միասնաբար ու կազմակերպված, աշխատենք օրուգիշեր՝ մեկս մյուսին լրացնելով ու առանց ջանք խնայելու: Իմ կատարած աշխատանքով ու այս հայտարարությամբ պատասխանատու հանձնառություն եմ ստանձնում կարգավիճակի ու ռեսուրսների առավելագույն հնարավորություններով աշխատելու աշխարհում Արցախի ժողովրդավարական ճանաչումն ապահովելու ուղղությամբ: Ժամանակն է իրավական վարկաբեկման ենթարկելու ու ոչնչացնելու «սև ցուցակ» կոչվող երևույթը. ադրբեջանական որևէ արատավոր քայլ չի կարող կանգնեցնել Արցախի ժողովրդավարական զարգացման ընթացքը: [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան[/b]

Նմանատիպ նյութեր