211652_close_icon
views-count3121 դիտում article-date 16:49 22-02-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Ռոստելեկոմ» խմբի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Ռոստելեկոմ» խմբի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերություն: Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նախարարին ներկայացրեց վերջին տարիներին իրենց կատարած ներդրումային ծրագրերն ու զարգացման տեսլականը: «Ռոստելեկոմի» հիմնական ներդրումներն ուղղվել են ցանցի զարգացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Ներկայում օպերատորի ծառայությունները հասանելի են քաղաքային 47 բնակավայրերում, որից 19-ում կառուցվել է օպտիկամանրաթելային ցանց: «Ռոստելեկոմը» Հայաստանում գործող միակ ընկերությունն է, որը ծառայություն է մատուցում բնակչությանը «օպտիկան դեպի յուրաքանչյուր բնակարան» տեխնոլոգիայով: «Ռոստելեկոմ»-ի ծածկույթն ընդգրկում է նաև գյուղական համայնքների մեծ մասը: Ակտիվ բաժանորդների թիվը 40.000 է: Ձայնային ծառայություններ մատուցող օպերատորների հրապարակած պաշտոնական տվյալներով՝ ներկայում բաժանորդների աճ, ըստ էության, չի նկատվում. հիմնականում օպերատորների միջև վերաբաշխում է կատարվում: «Ռոստելեկոմի» պարագայում ինտերնետ օգտագործողների թիվը դեռ շարունակում է աճել: Նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ ՀՀ կառավարության` Գյումրի քաղաքի զարգացման ծրագրին և այդ խնդրում մասնավոր ընկերությունների դերակատարությանը: «Ես բոլոր մասնավոր ընկերություններին, այդ թվում «Ռոստելեկոմ»-ին հորդորում եմ ակտիվ լինել և ներդրում ունենալ այս գործում: Խնդրում եմ նկատի ունենալ դա ընկերության 2017-18 թվականների ծրագրերում»,-ասաց նախարարը: Ընկերության տնօրենի խոսքով` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսակետից ընկերությունն արդեն իսկ իրականացնում է կրթական, մշակութային և սոցիալական ծրագրեր: Մասնավորապես, համագործակցում են բուհերի հետ` ուսանողների համար պրակտիկ աշխատանքներ կազմակերպելով ընկերության տարբեր ստորաբաժանումներում: «Ռոստելեկոմի» մասնագետները դասախոսություններ են կարդում համապատասխան ֆակուլտետներում` սկսած տեխնիկական թեմաներից, մինչև մարքեթինգ, վաճառքի հմտություններ և բիզնեսի կառավարում: «Այս տարվա ընթացքում ընկերության կողմից նախատեսվում է փոքր լաբորատորիաների բացում 3 համալսարաններում, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան գործնականում կիրառել տեսական գիտելիքները»,- հայտնեց Հայկ Ֆարամազյանը: «Ռոստելեկոմի» աջակցությամբ իրականացվում է նաև «Ինտերնետի այբբենարան» ծրագիրը, որի շրջանակներում կատարվում է մեծահասակների՝ ինտերնետից օգտվելու հմտությունների ուսուցում։ Մեկ այլ ծրագրով ընկերության օժանդակությամբ երեխաներին սովորեցնում են ինտերնետից անվտանգ օգտվելու կաննոները: Քննարկման փուլում են «Ռոստելեկոմ»-ի հետ իրականացվելիք երկու կարևոր ներդրումային ծրագրեր: Ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանում «Տվյալների մշակման կենտրոն»-ի ստեղծումը, որը կլինի եզակի և ամենամեծը տարածաշրջանում: «Նախատեսվում է առաջիկա 1 ամսվա ընթացքում վերջնական որոշում կայացնել ներդրումային ծրագրի վերաբերյալ»,- հայտնեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության գլխավոր տնօրենը: Այս տարի ընկերությունը 1 միլիարդ 217 միլիոն դրամի ներդրում կկատարի, որի մեծ մասը կուղղվի ցանցի ընդլայնմանը: Նախարարը «Ռոստելեկոմ»-ի ղեկավարությանը հորդորեց մեծացնել ներդրումների ծավալը, որպեսզի տնտեսությունն աշխուժանա: Համադրելով նախարար Վահան Մարտիրոսյանի՝ հեռահաղորդակցության ընկերություններ այցերի արդյունքները, հաջորդիվ կքննարկվեն բարձրացված հիմնախնդիրներն ու շուկայի զարգացման բոլոր խոչընդոտները` դրանք շտկելու ուղղությամբ քայլեր իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր