211652_close_icon
views-count1372 դիտում article-date 16:04 22-02-2017

Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Քննարկմանը ներկա են գտնվել միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ պետական գերատեսչությունների և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախաձեռնության հեղինակ, UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA և Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը: Նշվել է, որ Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու որոշումը պայմանավորված է Հայաստանում կրթության որակի բարձրացման, հանրակրթական համակարգում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան նորարարական պրակտիկայի ներդրման, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով դրա մրցունակության բարձրացման և լրացուցիչ ֆինանսական ու մտավոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությամբ: Այս համատեքստում կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Ընդգծելով, որ IDeA հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս նախաձեռնությունը կլաստերների ձևավորման առաջին լուրջ փորձն է, հանդիպման մասնակիցները կարևորել են կլաստերի ստեղծման իրավական հիմքերի և կողմերի պարտավորությունների հստակեցման հարցը: Մասնավորապես, անդրադարձ է եղել համապատասխան հայեցակարգային դրույթների, հիմնական մոտեցումների և գործողությունների հստակ ժամանակացույցի խնդրին: IdeA հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ նախագիծը կլինի բաց հարթակ կրթական նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար, և կրթության ոլորտում ներդրում անել ցանկացողները կարող են մասնակցել դրան` նպաստելով կրթական համակարգի զարգացմանը: Կարևորվել է այն փաստը, որ բոլոր կողմերը առավելագույնս ներդնեն իրենց ռեսուրսները և ժամանակը` ծրագրին հաջող ընթացք ապահովելու համար: Քննարկման արդյունքում որոշվել է, որ աշխատանքային խումբը կշարունակի պարբերական հանդիպումները` նախաձեռնությունը կյանքի կոչելու և այն ավելի առարկայական դարձնելու համար:

Նմանատիպ նյութեր