211652_close_icon
views-count7363 դիտում article-date 19:05 21-02-2017

ՌԴ Պուշկինո քաղաքում անցկացվել է Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում. ելույթ են ունեցել նաև «Արգիշտ» հայկական մեկօրյա դպրոցի սաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է մայրենի լեզվի օր: Այս կապակցությամբ Պուշկինո քաղաքի «Ստրոիտել» մշակույթի տանը կազմակերպվել էր մրցույթ-փառատոն «Իմ հոգու երկիր» («Страна моей Души») խորագրով։ Տոնական մթնոլորտն ապահովել էին դահլիճում ներկա Պուշկինո շրջանի տարբեր ազգերի ներկյացուցիչները` ազգային հագուստներով, բեմում ցուցադրվել է ազգային տարազներով տիկնիկներ, որոնց հեղինակն է Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքի Հրեաների ազգամշակութային կազմակերպության նախագահ Եակատերինա Իվանովնան։ Միջոցառման բացման խոսքում Բարեկամության միջազգային տան նախագահ Յուլյա Լևինան ասաց․ «Լեզուն յուրաքանչյուր ազգի համար այն կարևորագույն մասնիկն է, որը պետք է պահպանվի յուրաքանչյուր մարդու կողմից որպես սրբություն: Լեզուն ազգի պահպանման ամենակարևոր գրավականն է»։ Բեմից հնչեցին տարբեր ազգերի պոետների բանաստեղծություններ ուզբեկերեն, թաթարերեն, ուկրաիներեն, ռուսերեն, հայերեն, մոլդովերեն, բելառուսերեն և այլ լեզուներով։ Իրենց գեղեցիկ ասմունքով և ոսկեղենիկ հայերենով ներկաներին հիացրեցին Պուշկինոյի մարզի և Իվանտեևկա քաղաքի «Արգիշտ» հայկական մեկօրյա դպրոցի սաները։ Նրանք ասմունքեցին Ե․Չարենցի, Հ. Սահյանի, Հովհ․ Շիրազի, Վ. Տերյանի բանաստեղծությունները։ Աշակերտներն արտասանեցին նաև Հովհ․ Թումանյանի բանաստեղծությունները՝ շնորհավորելով հայ մեծ բանաստեղծի ծննդյան օրը։ Շնորհավորելով մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին` ժյուրիի անդամ, «Արգիշտ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ազնիվ Պարոնյանը նշեց․ «Ռուսաստանում բնակվում են բազմաթիվ ազգեր, և ամեն մի ազգի նպատակն է պահել և պահպանել իր լեզուն, մշակույթը, կրոնը։ Մի քանի տարի է` այս օրը տոնական ենք դարձրել: Այսպիսի միջոցառումները մեզ համար շատ կարևոր են, որովհետև հայ ժողովուրդը Հայաստանից դուրս ամենուր ազգային փոքրամասնություն է, ինչպես մնացած ազգերը` իրենց հայրենիքներից դուրս: Մենք՝ հայերս, աշխատում ենք մեր ժառանգած մայրենի լեզուն, մշակույթը եւ ավանդույթները պահել և փոխանցել մեծացող սերնդին, որ ապրում և մեծանում է իր հայրենիքից դուրս՝ համայնքների, կիրակնօրյա դպրոցների, մշակութային կենտրոնների և այսպիսի միջոցառումների միջոցով։ Մենք պետք է լինենք միասնական և համատեղ ջանքերով խաղաղ մթնոլորտ ստեղծենք մեր երկրորդ հայրենիքում՝ Ռուսաստանում` չտարբերելով ազգություն և կրոն։ Այսօրվա միջոցառումը կրկին անգամ համոզեց մեզ՝ ներկաներիս, որ բոլորիս նպատակը մեկն է՝ գտնվելով հայենիքից հեռու` պահպանել, փոխանցել մեր լեզուն և մշակույթը», - եզրափակեց Ազնիվ Պարոնյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Մոսկվայի մարզի պետական մանկական գրադարանի, Պուշկինոյի քաղաքապետարանի և Պուշկինո շրջանի Բարեկամության միջազգային տան ազգամշակութային կազմակերպությունների աջակցությամբ։ Այսօրինակ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու (մարտի 21-ին միջոցառմանը կմիանան Մոսկվայի մարզի բոլոր ազգամշակութային կազմակերպությունները)։ [b]Ազնիվ Պարոնյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր