211652_close_icon
views-count2742 դիտում article-date 15:03 18-02-2017

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է Բուլղարիայի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 18-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի նախկին անդամ, «Ազգային ճակատ» միավորման նախագահ Վալերի Սիմեոնովի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը, ողջունելով բուլղարացի պատգամավորների այցը Հայաստան, ընդգծել է, որ Հայաստանն ու Բուլղարիան եղբայրական երկրներ են, ունեն պատմամշակութային սերտ կապեր եւ ընդհանրություններ: Տիկին Նաղդալյանն անդրադարձել է երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկա մակարդակին եւ կարեւորել մասնավորապես խորհրդարանական հարթակում կապերի առավել խորացումն ու զարգացումը: Տիկին Նաղդալյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, կատարված քայլերը եւ այս հարցում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: Նա ընդգծել է, որ ԼՂ ժողովուրդը ցանկանում է ապրել ազատ ու անկախ երկրում եւ հավելել, որ Լեռնային Ղարաբաղը զարգացող ու ժողովրդավարական արժեքներ կրող պետություն է: ԱԺ նախագահի տեղակալը խոսել է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին եւ ներկայացրել մանրամասներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի խորհրդարանին եւ հատկապես Վալերի Սիմեոնովին այս հարցում գործադրած ջանքերի համար: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ առաջադեմ մարդկությունը պետք է պայքարի եւ քայլեր ձեռնարկի, որպեսզի աշխարհում այլեւս նման ողբերգություններ չկրկնվեն: Վալերի Սիմեոնովն իր հերթին ընդգծել է, որ պատմական տարբեր ժամանակներում հայ եւ բուլղարացի ժողովուրդները բարեկամներ են եղել: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ պարոն Սիմեոնովը նշել է, որ իրենք հասկանում են խնդրի էությունը եւ իրենց հնարավորության սահմաններում պատրաստ են օգտակար լինել եղբայր հայ ժողովրդին: Կողմերը կարեւորել են միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում միմյանց աջակցելը: Քննարկվել են այլ հարցեր եւս:

Նմանատիպ նյութեր