211652_close_icon
views-count32929 դիտում article-date 18:08 13-02-2017

ԱԱԾ-ն հայտնում է միջազգային հանցավոր խմբի մասին. 3 անձի հետախուզում են

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ հետխորհրդային տարածքի երկրներում գործում է մասնագիտացված միջազգային հանցավոր խումբ, որն էլեկտրոնային նամակներով ուղարկված վնասաբեր համակարգչային ծրագրերի կիրառմամբ կատարում է հափշտակություններ: Կարևորելով անձնական տվյալների, կորպորատիվ գաղտնիքների եւ ֆինանսական տեղեկատվության անվտանգությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ստացվող էլեկտրոնային նամակների նկատմամբ ցուցաբերել առողջ կասկածամտություն, ոչ պաշտոնական կամ անհայտ ծագման հասցեներից ուղարկված նամակներն առանց բացելու անմիջապես ջնջել կամ ձեռնարկել անվտանգության հետ կապված համապատասխան այլ միջոցներ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ վերոնշյալ եղանակով հափշտակության դեպք է արձանագրվել նաև Հայաստանում. օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամները ՀՀ-ում գործող առեւտրային բանկի աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին ՀՀ գերատեսչություններից մեկի անունից ուղարկել են վնասաբեր ծրագրեր պարունակող մի քանի տասնյակ կեղծ նամակներ, որոնց միջոցով ներթափանցել են բանկի ներքին համակարգչային ցանց և տիրացել այնտեղ պահվող տեղեկատվությանը: Այնուհետև, բանկի սերվերներից մեկի վրա տեղադրվել եւ գործարկվել է հեռակա համակցման ծրագիր, որի կիրառմամբ առևտրային բանկի բանկոմատները սպասարկող սերվերը վարակվել է վնասաբեր համակարգչային ծրագրերով՝ խափանելով դրանց բնականոն աշխատանքը: Հետագայում Հայաստան ժամանած հանցավոր խմբի անդամները Երեւան և Աբովյան քաղաքների տարբեր հասցեներում գործող թվով 22 բանկոմատների ստեղնաշարերի միջոցով մուտքագրելով հատուկ հրահանգներ, ապօրինի ելքագրել եւ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր առմամբ շուրջ 133 մլն ՀՀ դրամ գումար:Վերոնշյալ հանցանքները կատարած օտարերկրյա երեք քաղաքացիների ինքնությունը պարզվել է: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (շահադիտական նպատակներով վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը եւ տարածելը), 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: ՀՀ ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նրանց նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Ներկայումս օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ չնայած իրենց քողարկված բնույթին, կիբերհանցագործությունները եւս թողնում են որոշակի «հետքեր», որոնք հնարավորություն են տալիս ամբողջությամբ բացահայտել գործարկված հանցավոր մեխանիզմը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր