211652_close_icon
views-count24487 դիտում article-date 20:54 12-02-2017

2017 թ. Խորհրդարանական Ընտրություններ Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ քաղաքական վերադասավորումները դեռ շարունակվում են:

Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ քաղաքական վերադասավորումները դեռ շարունակվում են: Հայտեր են ներկայացնում տարբեր կուսակցություններ, քաղաքական ուժերի մեծամասնությունը նախընտրում է մասնակցել դաշինքներով: Այսօր արդեն իսկ ձևավորվել են մի քանիսը՝ «Ծառուկյան դաշինք», «ԵԼՔ դաշինք», «Օհանյան-Օսկանյան» հավանական դաշինք, «ՀԱԿ-ՀԺԿ» պայմանական դաշինք: Որոշ ուժեր էլ՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎ (նախկին ՕԵԿ) հայտարարել են ընտրություններին առանձին մասնակցելու մասին: Ձևավորված կուսակցություններ, դաշինքներ: Մինչ կսկսվեն խորհրդարանական ընտրությունները ՀՀԿ-ն փորձում է հանել այն մարդկանց ովքեր հանրության կողմից ընդունվում են բացասականորեն: Որոշ գործիչներ էլ ինքնակամ են լքում կուսակցությունը այլ դաշինքներում տեղ փնտրելու ակնկալիքով: Հավանաբար այս գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ նրանք հասկացել են, որ նախընտրական ցուցակում առաջատար տեղերն արդեն զբաղեցված են այլոց կողմից: Այս ամենին զուգահեռ հայտարարվում է կուսակցական շարքերը հազարավոր նոր անդամներով համալրվելու մասին: Իհարկե, ընտրություններին նախընթաց սա գործուն քաղաքական տեխնոլոգիա է, որը կուսակցության բարգավաճման տպավորություն է ստեղծում: Ակնհայտ է նաև, որ իշխող կուսակցությունը առաջիկա ընտրություններում մեծապես հենվելու է վարչական ռեսուրսի վրա, ինչը մշտապես հաջողություն է բերել տվյալ ուժին: ՀՎ-ն (նախկին ՕԵԿ) նախընտրական պայքարը սկսեց ամենաշուտը, այսինքն՝ այն ժամանակ, երբ անվանափոխվեց: Նախ եկեք պարզենք՝ թե ե՞րբ է կուսակցությունը կատարում անվանափոխություն, այն ժամանակ երբ նախկին անվանումը սպառում է իր քաղաքական մրցունակությունը, և սկսում է չընդունվել հանրության կողմից: Սակայն նկատենք, որ կոնկրետ ՕԵԿ-ի դեպքում անվանափոխությունը չի ենթադրում բովանդակության փոփոխություն ևս, առավել ևս այն ժամանակ, երբ կուսակցության «նյութը» մնացել է նույնը: Ողջունելի է այն քայլը որ ՀՎ-ին անդամագրվում են շատ երիտասարդ կադրեր որն էլ մեզ անհրաժեշտ է, թերևս կարելի է ասել, որ ներկայիս երիտասարդությունը ունի բազմաթիվ մտքեր, գաղափարներ որոնք կիրագործվեն և ինչպես Արթուր Բաղդասարյանն է ասում. դաշինքը գալիս է Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները լուծելու, մարդու իրավունքները վերականգնելու և ժողովրդավարությունը ամրապնդելու համար։ Սակայն դեռ հանրությունը հիշում է 2008 թվականի նախագահական ընտրությունները, որի արդյունքում Արթուր Բաղդասարյանի նկատմամբ հանրության հավատը փոքր ինչ մարեց: Զինվենք հույսով և հավատով, որ մինչ խորհրդարանական ընտրություններ Արթուր Բաղդասարյանը չի հրաժարվի իր ընտրապայքարից և չի միանա մյուս դաշինքներից որևէ մեկին: Ըստ իս կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՎ-ի շանսերը շատ քիչ են: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այն որպես ավանդական ուժ ունի իր հստակ ընտրազանգվածը, որի քվեն սովորաբար ապահովել է այս ուժի համար ընտրական շեմի հաղթահարում ոչ մեծ խորհրդարանական ներկայացվածությամբ: Սակայն հարկ է նաև նկատել, որ ՀՅԴ-ն վերջին շրջանում ընտրություններում ունեցել է իշխանության աջակցությունը, առանց որի օժանդակության տվյալ ուժի մուտքը խորհրդարան կլիներ շատ ավելի բարդ: Ժառանգության խնդիրը բավականին բարդ է: Դա հիմնականում պայմանավորված է կուսակցության ներսում, նաև խորհրդարանում համապատասխան խմբակցության պառակտված գործունեությամբ: 5-րդ գումարման ԱԺ-ում Ժառանգությունն աչքի է ընկել ոչ թե որպես միասնական, կուռ քաղաքական ուժ, այլ իր առանձին գործիչներով (հիմնականում՝ Զ. Փոստանջյան, Թ. Պողոսյան): Նախընտրական այս փուլում Ժառանգության շարքերում կրկին նկատելի են հակասություններ, ինչը, անշուշտ, որոշակիորեն կանդրադառնա տվյալ ուժին տրվելիք քվեի վրա: Սա է պատճառը, որ կուսակցությունը նախընտրում է հանդես գալ որևէ դաշինքի կազմում: Հավանաբար դա կլինի ԵԼՔ-ը կամ Օհանյան-Օսկանյան հավանական դաշինքը, նշենք նաև, որ Ժառանգություն կուսակցությունը ցանկանում էր անդամակցել նաև ԵԼՔ դաշինքին սկսյն ինչ-ինչ պատճառներով անդամակցում տեղի չի ունեցել: Ընտրապայքարին առանձին մասնակցելու դեպքում Ժառանգության՝ ԱԺ մուտք գործելու շանսերը շատ նվազ են, իսկ որևէ դաշինքի կազմում կուսակցության առաջնորդներից երկու-երեք հոգի ԱԺ-ում հայտնվելու ավելի իրատեսական հնարավորություն կունենան: Եկեք հիշենք 2013 թվականի ընտրությունները հիմնական պայքարը գնում էր երկու կուսակցությունների միջև ՀՀԿ-ի և Ժառանգության միջև: Այդ ընտրությանը Ռաֆի Հովհաննիսյանը աջքի ընկավ իր նորարարություններով, քարքզարշավի ընթացքում շփում ժողովրդի հետ, հարց ու պատասխան և այլն, նշենք որ այս ձևը հատուկ էր արևմուտքում: Սակայն այս ջանքերից հետո Ժառանգություն կուսակցությունը զբաղեցրեց երկրորդ տեղը զիջելով ՀՀԿ-ին: Այժմ սպասենք գալիք խորհրդարանական ընտրություններին և տեսնենք թե այս անգամ ինչ նորարարություններով հանդես կգան և ինչ արդյունք կգրանցվի: Բուն նախընտրական դաշինքներ: «ԵԼՔ դաշինքը»՝ որպես քաղաքական ուժ, հետաքրքիր է իր համեմատաբար երիտասարդ ներուժով, եթե բացառենք «Հանրապետություն» կուսակցությունը, որի կադրային ներուժը, ի տարբերություն կուսակցության ղեկավար Ա.Զ. Սարգսյանի, հանրության լայն զանգվածներին հայտնի չէ: Այս դաշինքն աչքի է ընկնում իր նախաձեռնողականությամբ, նորարարական մոտեցումներով, սակայն այսօրվա դրությամբ դրանում ընդգրկված երեք կուսակցություններից երկուսը` ՔՊ-ն և ԼՀ-ն, ի տարբերություն իրենց առաջնորդների, որպես քաղաքական ուժ չունեն մեծ փորձառություն: Այսինքն՝ այս պարագայում կրկին կարող ենք փաստել, որ այս դաշինքի հաջողությունը ընտրություններում պայմանավորվելու է նրա առաջնորդների հաջողությամբ: Այս դաշինքին և դրանում ընդգրկված ուժերին հանրությունը ճանաչում է բացառապես ի դեմս իրենց առաջնորդների՝ Ն. Փաշինյան, Է. Մարուքյան, Ա.Զ. Սարգսյան: Հետևապես՝ այս պարագայում ևս «ԵԼՔ դաշինքը» որոշակիորեն անձնավորված բնույթ է կրում, քանի որ նրա օգտին քվեարկողները մեծամասամբ քվեարկելու են դաշինքի առաջնորդների օգտին: Գաղափարախոսական առումով դաշինքի ներսում սերտ կապը դեռևս հստակ նշմարելի չէ ի տարբերություն նախընտրական կոնսենսուսի: «Օհանյան-Օսկանյան» հավանական դաշինքը տարբեր շրջաններում՝ վաղ անցյալում և ոչ վաղ անցյալում իշխանական նախկին գործիչների դաշինք է՝ ձևավորված անձերի շուրջ: Այսինքն մենք ընտրելու ենք ոչ թե այս դաշինքին այլ իրենց, ճանաչելով իրենց որպես քաղաքական գործիչ թե՛ լավ թե՛ վատ կողմերով: Երկու քաղաքական գործիչներն էլ ունեն հարուստ քաղաքական փորձ, ինչը նրանց կարող է և՛ օգնել, և՛ խանգարել, քանի որ տարբեր ժամանակներում նրանց կողմից իշխանական լծակներին տիրապետելը՝ որպես քաղաքական գործունեություն, միանշանակ չի ընկալվում հասարակության կողմից: Նրանք ընդդիմադիր դաշտում ներկայանալու փորձ են անում քաղաքական իշխանությունից և պաշտոններից զրկվելուց հետո միայն, ինչը մասամբ խոցելի է դարձնում ընտրություններում լիակատար հաջողության նրանց ակնկալիքները: Սակայն նկատենք, որ այս դաշինքին այլ ուժերի միավորման դեպքում հնարավոր են որոշ փոփոխություններ, ինչը կանդրադառնա դաշինքի քաղաքական կշռի վրա: Սակայն պառակտում կա Օսկանյան-Օհանյան ձևավորվող դաշինքում: Նրանց հետ ընտրությունների գնալու մտքից հրաժարվել է Դեմոկրատական կուսակցությունը: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը բացատրել է` պայմանավորվածությունները խախտվել են, իրենց առաջարկած ծրագիրը խորհուրդը քննարկման չի դրել, իրենք էլ որոշել են հեռանալ: Նա չի բացառել, որ առաջիկայում դաշինքից դուրս կգան նաև «Երրորդ Հանրապետությունն» ու ԱԻՄ-ը: «ՀԱԿ-ՀԺԿ» պայմանական դաշինքը արդեն ավանդական է դարձել և ունի մեծ քաղաքական փորձ: Սակայն հարկ է նկատել, որ Աժ տարբեր գումարումներում նրանց չի հաջողվել լայն ներկայություն ապահովել: Գաղափարական տեսանկյունից ընդհանրությունները շատ են, սակայն վերջին շրջանում հարաբերական քաղաքական պասիվությունը կարող է բացասաբար անդրադառնալ այս ուժի՝ խորհրդարան մուտք գործելու վրա, քանի որ ժամանակին ՀԱԿ-ն ավելի շատ աչքի էր ընկնում իշխանության դեմ սկզբունքային քաղաքական պայքարի պրակտիկ գործողություններով, որոնք վերջին շրջանում բավականին նվազել են: Գուցե նախընտրական շրջանում որոշ մարտավարական ճշգրտումները բարձրացնեն խորհրդարան անցնելու հավանականությունը: «Ծառուկյան դաշինքը» այս դաշինքը համեմատ աչքի է ընկնում իր ընդգրկունությամբ: Երեկ Գագիկ Ծառուկյանը համագումարի ժամանակ ընտրվեց ԲՀԿ-ի նախագահ նշենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ դադարեցնում է իր քաղաքական գործունեությունը, սակայն փաստն այն է, որ նորից վերադարձավ քաղաքականություն և որոշեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն հնարավոր է նաև ընտրություններից հետո Ծառուկյան դաշինքը իր ձայները փոխանցի ՀՀԿ-ին: Ծառուկյան դաշինքին միանալու ցանկություն են հայտնել ԲՀԿ-ն, ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն, ՀՀՇ-ն, «Միասնություն» համազգային շարժումը, հավանաբար նաև Ալյանսը, ինչպես նաև անկախ քաղաքական գործիչներ: Ի սկզբանե նկատենք, որ այս դաշինքը չունի որևէ գաղափարախոսական հիմք, քանի որ նրան միավորվող քաղաքական ուժերը նույնիսկ որոշ դեպքերում ունեն իրար հակադրվող գաղափարախոսություններ: Կարևոր է անդրադառնալ նաև դաշինքի անվանմանը՝ «Ծառուկյան դաշինք», ինչը վկայում է տվյալ ուժի գերանձնավորված բնույթի մասին: Ըստ իս դաշինքը քաղաքական պատեհապաշտության համար շատ հարմար հարթակ է, քանի որ դաշինքին միանալու պատրաստակամություն են հայտնում նաև արդեն նախկին որոշ ՀՀԿ-ականներ, որոնք դուրս են եկել գործող իշխանական ուժի շարքերից: Օրինակ շարունակում է բաց մնալ Հովիկ Աբրահամյանի հարցը, երեկվա կայացած համագումարին Հովիկ Աբրահամյանը ներկա չէր գտնվել, փոխարենն այնտեղ էր նրա որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Նա հայտարարեց, որ առաջադրվելու է ԲՀԿ-ի տարածքային ցուցակով Արարատի մարզում, թեև դեռևս կուսակցության անդամ չէ: Համագումարին մասնակցել էր նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, թեև նույնպես առաջադրվելու է ԲՀԿ տարածքային ցուցակով, չի պատրաստվում կուսակցական դառնալ: Ակնհայտ է, որ հիմնական քաղաքական պայքարը ծավալվելու է ՀՀԿ-ի և «Ծառուկյան դաշինքի» միջև, իսկ վերջինիս կազմում խորհրդարանում հայտնվելու հավանականությունը ավելի բարձր է, քան մյուս դաշինքների դեպքում: Քանի որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում էլ անցողիկ տեղերը սահմանափակ են, ապա քաղաքական պատեհապաշտների համար Ծառուկյանի դաշինքում ընդգրկվելը հարմար տարբերակ է: Նկատենք, որ «կուսակցափոխությունը», այսինքն՝ մի քաղաքական ուժից մյուսի շարքերն անցնելը, վաղուց արմատավորվել է հայաստանյան նախընտրական քաղաքական պրակտիկայում որպես «ֆիգուրների վերադասավորության» քաղաքական տեխնոլոգիա: Ի դեպ՝ Ծառուկյան դաշինք - ՀՀԿ վազքը խաչաձև է՝ երկու ուղղություններով: ՀՀԿ-ից չկա արտահոսք դեպի այլ դաշինքներ, ինչը վկայում է, որ դաշինքների միջև առաջնությունը տրվում է Ծառուկյանի դաշինքին՝ կրկին անգամ հիմնավորելով քաղաքական պատեհապաշտության փաստը: «Ծառուկյան դաշինքի» հաջողությունը կարող է ավելի իրատեսական դառնալ, եթե այն իրենից հեռու պահի քաղաքականապես սպառվածներին, վտարանդիներին, պատեհապաշտներին և դեպի իր ճամբար գործուղվողներին: Այս դեպքում է հնարավոր դառնալ իրապես մրցունակ քաղաքական ուժ, որը կարող է ստանձնել իրական քաղաքական սուբյեկտի գործառույթ և խորհրդարանում հանդես գալ որպես իրական հակակշիռ: Քաղաքագետ՝ Արթուր Հովհաննեսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր