211652_close_icon
views-count11978 դիտում article-date 17:30 12-02-2017

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»․ Այսօր աշխարհահռչակ հայ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թվականներին աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։ Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։ Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։ «Ծառերը» (հատված) Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում — իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է — իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս․․․․։ Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես — հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել… Լուսանկարը՝ Սամվել Սևադայի

Նմանատիպ նյութեր