211652_close_icon
views-count3296 դիտում article-date 17:33 10-02-2017

Հայաստանում կոռուպցիան վերացնելու պայքարում ԱՄՆ հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել. Ռիչարդ Միլս

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը: Վարչապետն անդրադարձել է մինչ օրս ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին, ընդունված որոշումներին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակում կատարված աշխատանքներին, ինչպես նաև առաջիկա անելիքներին: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել օրենսդրական մի շարք նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետության բարձրացմանը, գործող մեխանիզմների կատարելագործմանը, նոր ընթացակարգերի ներդրմանը, որոնց արդյունքում՝ բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը հաջողելու և հետևողականություն ապահովելու գործում մեծապես կարևորում եմ հասարակության ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, կառավարություն-հասարակություն հետադարձ գործուն կապը և գործընկեր կառույցների հետ կառուցողական համագործակցությունը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ կառավարությունը բաց է քննարկումների և առաջարկությունների համար», - ասել է վարչապետը: Հայաստանում ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության կողմից կատարվող քայլերից և ողջունել ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարություններն ու գործողություններն այդ առնչությամբ: Ռիչարդ Միլսը նշել է, որ դեռևս անելիքներ կան, և ԱՄՆ-ն պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով աջակցել ՀՀ կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերում: «Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում աջակից լինելու Միացյալ Նահանգների հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել: Մենք պատրաստ ենք աշխատել ՀՀ պետական կառույցների հետ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք են դրսևորում», - ասել է ԱՄՆ դեսպանը: Դեսպան Միլսի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի գործունեության նպատակին և ուղղություններին վերաբերող մանրամասներ: Քննարկվել են նաև պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման քրեականացմանը, կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի բարձրացմանը և այլ ուղղություններով մշակված օրենսդրական նախաձեռնություններին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ:

Նմանատիպ նյութեր