211652_close_icon
views-count2443 դիտում article-date 16:11 10-02-2017

Խնդիրը ոչ միայն կայուն երկիր լինելն է, այլ նաև որպես այդպիսին ընկալվելը. Լուկաս Գասեր

Անցած տարի Շվեյցարիան Հայաստանի հետ վիզաների դյուրացման համաձայնագիր կնքեց: Վիզաներն ամբողջովին չեն ազատականացվում, բայց համաձայնագիրը նպաստ է բերում կապերը դյուրացնելու համար: ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Հայաստան-Շվեյցարիա հարաբերություններին: Դեսպանը նշեց նաև, որ անցած շաբաթ հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քննարկել են ներդրումների, առևտրաշրջանառության և այլ տնտեսական հարցեր: «Շվեյցարիայից նշանակալի մասնավոր կապիտալ ներդրումներ արդեն տեղի են ունենում»,- ասաց նա և ընդգծեց, որ Շվեյցարիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: «Այս քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանը հասել է կայունության բավականին ողջամիտ մակարդակի»,- նկատեց Լուկաս Գասերը: Դեսպանն ասաց, որ խնդիրը ոչ միայն կայուն երկիր լինելն է, այլ նաև որպես այդպիսին ընկալվելը, տպավորություն թողնելը, և ԼՂ չլուծված խնդիրը որոշակի մարտահրավեր է: Այս առումով դեսպան Լուկաս Գասերը ԼՂ հակամարտության խնդրում կարևոր է համարում 1994 թվականի հրադադարի պայմանագրի պահպանումը և խաղաղ կարգավորումը: Հարցին, թե արդյոք հասցեական դիմելու անհրաժեշտություն չի՞ տեսնում, հաշվի առնելով, որ հակառակորդ երկրից ուժ գործադրելու հայտարարություններ են հնչում, դեսպանը պատասխանեց. «Պետք է օժանդակություն ցուցաբերել բոլոր կողմերին: Սա պահանջում է բավականին ծավալուն դիվանագիտական գործունեություն, մասնավորապես, ԵԱՀԿ-ի շրջանակներում»,- ասաց նա: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, դեսպանն ասաց. «Մենք պատրաստ ենք կրկին երկու կողմերին օժանդակություն ցուցաբերել, այն ժամանակ, երբ կողմերը պատրաստ կլինեն»:

Նմանատիպ նյութեր