211652_close_icon
views-count2944 դիտում article-date 11:03 10-02-2017

Մեր քաղաքական գործիչների մեծ մասը, թող ներվի ասել, շատ թամբալ են. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երիտասարդ գործընկերներիցս մեկը նեղսրտած ինձ բողոքեց՝ «էս քնձռոտ գործի համար պիտի նման բա՞ն անեմ»։ Իսկ ինձ թվում է՝ չկա աշխարհում որևէ քնձռոտ գործ, ինչպես չկա աշխարհիս երեսին որևէ քոսոտ երկիր։ Քնձռոտությունն ու քոսոտությունը մեր ուղեղում են՝ անկախ նրանից, թե ինչով ենք չափում այդ «քոսոտությունը»։ Եթե չափանիշը աշխատավարձն է, ապա քչից քիչ էլ է լինում, շատից էլ շատ։ Եթե չափանիշը բարեկեցությանն է, ապա անպայման կգտնվեն քոնից աղքատ և քոնից հարուստ երկրներ։ Հայաստանն, ի դեպ, երբեք աշխարհի ամենաբարեկեցիկ երկիրը չի դառնա, այնպես որ՝ փախչողները միշտ էլ փախչելու տեղ կունենան՝ մի տեղ, որտեղ «ավելի լավ է»։ Շահում են նրանք, ովքեր բոլոր բնականոն դժգոհություններին զուգահեռ աշխատում են, սիրում են իրենց արհեստը և ամեն օր կատարելագործում են այն։ Երևի, ծեծված ճշմարտություն է, բայց կրկնեմ՝ իրենց ասպարեզում հաջողության են հասել նրանք, ովքեր ստիպված են եղել հրաժարվել կյանքի որոշակի վայելքներից և իրենց գործում դրսևորել են որոշակի, լավ իմաստով, «մոլեռանդություն»։ Այդ ամենը վերաբերում է հողագործին, երգչին, վարորդին, ինժեներին, լրագրողին, «դզող-փչողին»։ Իսկ ինչո՞ւ դա չպիտի վերաբերի քաղաքական գործչին։ Նրա աշխատանքը պետք է լինի, կարծում եմ, մտավոր։ Բայց մեր քաղաքական գործիչների մեծ մասը, թող ներվի ասել, շատ թամբալ են։ Նրանց թվում է՝ «երկրի կործանման» թեմայով մի երկու ճռճռան նախադասություն ասեն, և մանդատն իրենց գրպանում է։ Մի պարզ օրինակ բերեմ: Ենթադրենք, 2016 թվականին Հայաստանը լքել է 48 հազար մարդ: Ի՞նչ պետք է անեն քաղաքական գործիչներն այդ ահասարսուռ թիվը լսելիս: Նրանք պետք է մտքի աշխատանք կատարեն և փորձեն պատասխանել հարցի` իսկ ի՞նչ պետք է անել, որ այդքան մարդ Հայաստանից չգնա: Առաջարկում եմ տարբերակներ. ա/ նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ (պահպանելով, բնականաբար, այսօրվա գները), բ/ նվազագույն աշխատավարձը դարձնել 200 հազար դրամ, գ/ ՀՀԿ-ն ԲՀԿ-ով փոխարինել, դ/ հարուստների, այդ թվում` «ոչ իշխանական» հարուստների դղյակներն ազգայնացնել, վաճառել և ստացած փողը աղքատների մեջ բաժանել: Ո՞ր պարագայում մարդիկ Հայաստանից չեն գնա` որպես պատասխան կարող եմ մի քանի տասնյակ տարբերակ առաջարկել: Թե որքանով են դրանք իրատեսական և որքանով են կրճատելու արտագաղթը` քննարկելու հարց է: Բայց մեր քաղաքական գործիչները չեն ցանկանում մտավոր աշխատանք կատարել: Նրանք պարզապես բացականչում են` 48 հազա՜ր, պատժել թալանչիների~ն, իշխանափոխությո՜ւն անել, տալ մարդկանց արդարություն և բարեկեցությո՜ւն: Լավագույն դեպքում` 48 հազարը բաժանում են ամիսների, շաբաթների, օրերի, ժամերի և րոպեների: Դասական ծուլության օրինակ է, որը կես սանտիմետրով անգամ չի մոտեցնում մեզ խնդրի լուծմանը: …Վերջերս խոսում էի մեր հին` «չեմպիոնական» «Արարատի» ֆուտբոլիստներից մեկի հետ, ու նա պատմեց, որ իր կյանքում տեսել է բնատուր ավելի օժտվածություն ունեցող պատանիների, քան «Համլետի տղան» է (իմ զրուցակիցն այդպես էր անվանում Հենրիկ Մխիթարյանին), բայց շատ քիչ է տեսել նրա նման աշխատասեր, հավաքված և նպատակասլաց երիտասարդների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր