211652_close_icon
views-count3933 դիտում article-date 23:54 09-02-2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը լրատվական գործակալության հարցին

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին. [b] Հարց[/b]: Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ապրիլյան ռազմական գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է: [b]Պատասխան[/b]: Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Միջազգային հանրությունը և միջնորդական առաքելության մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմիցս հանդես են եկել կոչերով անշեղորեն առաջնորդվել վերոնշյալ համաձայնագրերով, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Ակնհայտ է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է վերոնշյալ համաձայնագրերով Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում, Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերի բացահայտ արհամարհում և ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Վերջին հայտարարությունով Ադրբեջանի ղեկավարությունը ոտնահարում է միջազգային հանրության խաղաղասիրական ջանքերը և ձեռնոց նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Կամ Ադրբեջանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը համարելով իր ներքին գործը, ձևացնում է, որ մասնակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցություններին, կամ մասնակցում է բանակցություններին՝ ձևացնելով, որ դա իր ներքին գործն է: Երկու դեպքն էլ ուղղված են միջազգային հանրության միջնորդական ջանքերի տապալմանը: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, չգիտակցելով այդ ամենը, դա չի ազատում նրան ապրիլյան ագրեսիայի ընթացքում իր կողմից իրականացված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից:

Նմանատիպ նյութեր