211652_close_icon
views-count4860 դիտում article-date 16:50 09-02-2017

Երիտասարդ գիտնականները կենցաղային հեղուկի հիմքով մարտկոցներ են ստեղծում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում առաջինը գործունեության իրավունք ստացած «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊ ընկերությունը (TSD) 2014-ին Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում կառուցեց բարձր տեխնոլոգիական արտադրամաս, որն այսօր արդեն ունի 100-ից ավելի աշխատակից: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց հայկական առաջին սմարթֆոնների արտադրամաս` ծանոթանալու աշխատանքային պայմաններին և ընկերության ընթացիկ նախագծերին: «TSD» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանը ցուցադրեց իրենց արտադրանքը. հեռախոս, պլանշետ, անգամ խելացի ժամացույց: Նախարարին ներկայացվեց նաև բուն արտադրամասը, որտեղ հավաքվում են հեռախոսները, անցնում որակի վերահսկողություն, վերջին անգամ մանրակրկիտ զննվում և ապա փաթեթավորվում ու պահեստավորվում: Նույն տարածքում է նաև ընկերության «R&D» կենտրոնը, որտեղ երիտասարդ գիտնականներն իրականացնում են հետազոտություններ և ստեղծում նախատիպեր: Ներկայացվեցին նաև «TSD»-ի ընթացիկ նախագծերը: Դրանց թիվը հասնում է 25-ի. առաջին հայկական ինտերակտիվ նապաստակն, օրինակ, բոլորովին վերջերս է ստեղծվել և զարգացման փուլում է: Իսկ 360 աստիճան կինոթատրոնն արդեն փորձարկվել և դրական արձագանքների արժանացել: Դրանով ցուցադրվում են «TSD» ընկերության կողմից պատրաստված կրթական ֆիլմերը, որը ավելի արդյունավետ է դարձնում ուսումնական գործընթացը: «TSD»-ի հետազոտությունների ֆիզիկայի թիմի անդամ Հերմինե Ղարագուլյանը նախարարին պատմեց իրենց «SLB» նախագծի մասին: Երիտասարդ գիտնականները ստեղծել են կենցաղային հեղուկների հիմքի վրա աշխատող մարտկոցներ, որոնք ոչ միայն էկոլոգիապես մաքուր են, այլև աշխատում են շատ բարձր ու ցածր ջերմաստիճանային պայմաններում: Հանդիպման ավարտին ցուցադրվեց ընկերության գործունեությունն ամբողջացնող ֆիլմ, որից հետո Վահան Մարտիրոսյանը գրառում կատարեց «TSD»-ի հուշագրքում: Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր