211652_close_icon
views-count3970 դիտում article-date 11:26 09-02-2017

«Չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կըլինի, այսօրվա մեղքը՝ մահացու»․ Վահան Տերյան

«Մեր պարտքը»․ Վահան Տերյան․ Եւ մի՞թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան: Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առջև, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կըլինի, այսօրվա մեղքը՝ մահացու: Եւ այդ գիտակցելով՝ ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի: Չըմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է: «Եղիշե Չարենցի օրագրային գրառումներից, որտեղ պատմում է Վ․ Տերյանի մասին» «Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917 թվին․-Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող «Чашка чаю» բարեգործական թեյատան մեջ։ Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում և թերթ կարդում։ Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը-այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը։ Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի մի հանճարեղ մարդու հետ․ ինձ համար Տերյանն այդ ժամանակ ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլև միֆական անձնավորություն․․․․Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի․ այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմի-վոյաժորները), թերթերը խոթեց գրպանը և գնաց։ Ես դուրս եկա փողոց և երկար նայում էի նրա ետևից․․․․Իմ տպավորության մեջ անջինջ մնաց նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը և սև աչքերի խոնավ նայվածքը․ նրա դեմքին կարծես մշուշ կար և նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով․․․․ Դեմքը թեկուզև հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայր աստիճան կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն։ Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք-և նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային․․․․ Ես նրան այլևս չտեսա․․․․»։

Նմանատիպ նյութեր