211652_close_icon
views-count4403 դիտում article-date 11:06 08-02-2017

Լապշինի արտահանձնումից հետո քաղաքական գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ բազմապատկվելու է. Տ. Բալայան

Լապշինի հետապնդումը և արտահանձնումը ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ «Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։ Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ փետրվարի 7-ին, Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին Բելառուսի դատախազության որոշումը։ Լապշինին նախօրեին արտահանձնել են Ադրբեջանին: Հիշեցնենք, որ բլոգրեը, ով Իսրայելի և ՌԴ-ի քաղաքացի է, Ադրբեջանի «սև ցուցակում» էր հայտնվել Արցախի Հանրապետություն այցելելու համար։ Նրան ձերբակալել են Մինսկում։

Նմանատիպ նյութեր