211652_close_icon
views-count2789 դիտում article-date 17:56 07-02-2017

‹‹Արդար քվեաթերթիկը պետք է փամփուշտից զորեղ գտնվի›› Է.Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը՝ ԱԺ նիստերի դահլիճում՝ փետրվարի 7-ին. Հարգելի խորհրդարան, Մեկնարկել է այս գումարման խորհրդարանի վերջին գարնանային նստաշրջանը և քաղաքական ուժերի համար ներքաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցն աստիճանաբար դառնում է խորհրդարանական ընտրապայքարի թեման: Ավելին, նախընտրական կրքերն օրեցօր կարծես թե ակտիվանում են, իսկ որոշ ուժերի համար հաջորդ խորհրդարանում մանդատի լինել-չլինելը դարձել է ամենաարդիական հարցը: Կարծում եմ՝ քաղաքական ներկապնակը բավականին բազմագույն է՝ իշխանություն, ընդդիմություն, որը բազմաշերտ է, խորհրդարանականից մինչև նախկին պաշտոնյաների ակումբ: Հարգելի խորհրդարան, Եթե որոշ քաղաքական ուժերի և գործիչների համար շեքսպիրյան մոտիվներն ամենաառաջնայինն են, ապա մեր՝ Հանրապետականի համար գերխնդիրն այլ է: Մենք արել ու անելու ենք հնարավորը, որպեսզի խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և ժողովրդավարական: Մենք պայքարելու ենք հանուն. - հանուն ուժեղ Հայաստանի, որտեղ չկան ներքին թշնամիներ, այլ կա միայն գաղափարական մրցապայքար, - հանուն ազգային և հոգևոր Հայաստանի, որտեղ առաջնայինն ազգային և քրիստոնեական արժեքներն են, - հանուն համերաշխ Հայաստանի, որտեղ չկան մերոնք և ձերոնք, - հանուն անվտանգ Հայաստանի, որտեղ մեր հայրենիքի և քաղաքացու անվտանգությունն ու տնտեսական առաջընթացն առաջնայինն է, - հանուն արդար Հայաստանի, որտեղ չեն լինի երկակի չափանիշներ և օրենքից իրենց վեր դասող չինովնիկներ, - եւ վերջապես հանուն ժողովրդավարական Հայաստանի, որտեղ ամեն ինչ կորոշի քաղաքացու ընտրությունը, կամ ինչպես կասեր Լինքոլնը, որտեղ արդար քվեաթերթիկը փամփուշտից ավելի զորեղ կլինի: Շնորհակալ եմ ուշադրության համար:

Նմանատիպ նյութեր