211652_close_icon
views-count18184 դիտում article-date 14:57 05-02-2017

Ղարաբաղում բնակվող 16-ամյա «Բարեցի» երազանքն է՝ Արցախը տեսնել խաղաղ ու ապահով և ինքն էլ դառնա աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռ ԽՍՀՄ տարիներից ունեցել է ամեն բնագավառում իր հերոսները: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նույնպես Արցախ աշխարհը տվեց բազմաթիվ հերոսներ՝ ինչպես պատերազմական տարիներին, այնպես էլ խաղաղ պայմաններում: Մարտակերտի զորամասում ծառայող զինվորները անգիր գիտեն Մարտակերտում բնակվող 16-ամյա Կյաժ Բարեց Վարդանին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ու Վարդանի հարևաններն ասում էին. «Խոխան 16 տարեկան ա, բայց արդեն 18 անգամ Արցախի չեմպիոն ա դարձել: Վրաստանում ու Ռուսաստանի Դաշնությունում ազատ ոճի ըմբշամարտի մրցումներից դատարկաձեռն չի վերադարձել ծննդավայր՝ Մարտակերտ: Լրիվ «ղարաբաղցու չոր կողի նման» հաղթանակներով է վերադարձել տուն»: 16 տարեկան Վարդան Դանիելյանը սովորում է Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 դպրոցի 11-րդ ընդհանուր դասարանում և երկար տարիներ զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վարդանն ասում էր. «Առաջին հերթին երախտիքի ու շնորհակալանքի խոսքս եմ ուղղում իմ մարզիչին՝ Կարեն Շախնումանցին, ով, ի դեպ Ղարաբաղի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն է և նրա շնորհիվ բազմաթիվ երեխաներ անվճար մարզվում են ազատ ոճի ըմբշամարտով: Շատ ցանկություններ ունեմ, այդ թվում՝ որպեսզի մեր սահմաններին կրակոցներ չհնչեն, իմ երկրում խաղաղություն լինի ու ես էլ դառնամ աշխարհի չեմպիոն: Առիթից օգտվելով՝ կրկին շնոհակալությունս եմ հայտնում իմ մարզիկ Կ. Շախնումանցին»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ստացած մեդալներն այնքան շատ են, որ նույնիսկ կնախանձեր Սովետական Միության կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը, սակայն եթե Բրեժնևի մեդալների մեծ մասը կեղծ էր տրված, ապա Կյաժ Բարեց Վարդանի դեպքում՝ բոլոր մեդալները վաստակել է արդար քրտինքով: Իսկ տան գողտրիկ մի անկյունում էլ գավաթների պակաս չկա: Վարդանի մայրը՝ Գայանեն, ով սակավախոս է, միայն մեկ բառով կրկին իր շնորհակալությունն էր հայտնում նրա մարզիչին, ասելով, որ Վարդանի բոլոր հաղթանակների մեջ մեծ դերակատարություն ունի նրա մարզիչը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր