211652_close_icon
views-count3470 դիտում article-date 22:50 04-02-2017

Կբացառվեն կրկնակի ֆինանսավորման դեպքերը

էլեկտրոնային առողջապահության համակարգում ներկայումս ընդգրկված են 480-ից ավելի բժշկական բոլոր այն հաստատությունները, որոնք պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում են իրականացնում։ Դրանք հանրապետության ընդհանուր բուժհաստատությունների 95 %-ից ավելին են։ Համակարգում ընդգրկված բուժհաստատությունների մի զգալի մասն արդեն իսկ կանոնավոր կերպով առցանց համակարգ է ներմուծում պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների անցած բոլոր հետազոտությունները, իրականացված միջամտությունները, ախտորոշումները։ Յուրաքանչյուր քաղաքացի այսօր մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ (www.armed.am)` ինտերակտիվ քարտեզի միջոցով կարող է տեսնել համակարգում ընդգրկված բուժհաստատությունները, դրանց տեղակայումը, իրականացվող ծառայությունները, բժշկական անձնակազմը։ Հաստատված ժամանակացույցի համաձայն ընթացիկ տարվա ապրիլից պետական պատվերն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, ինչը մի քանի անգամ կբարձրացնի վերահսկելիությունը և թափանցիկությունը։ Ըստ ժամանակացույցի տարվա երկրորդ կեսին էլեկտոնային առողջապահության համակարգում կընդգրկվեն հանրապետության մյուս բոլոր բժշկական հաստատությունները։ Արդյունքում` երկրի առողջապահական բոլոր կազմակերպությունները, այդ թվում` դեղատները կընդգրկվեն միասնական այս համակարգում։ Առաջին եռամսյակում նախատեսվում է ավարտել կցագրումների գործընթացը` համակարգում ապահովելով տեղեկատվություն քաղաքացիներին սպասարկող պոլիկլինիկաների վերաբերյալ։ Միաժամանակ, անկախ վճարման տեսակից` պետության կողմից փոխհատուցվող, քաղաքացու կամ ապահովագրական կազմակերպության կողմից վճարվող բոլոր ծառայությունները պետք է մուտքագրվեն համակարգ։ Սա հնարավորություն կտա, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր բժշկական ամբողջական պատմությունը` երբ և որ բժշկական հաստատություն է դիմել, ինչ հետազոտություն է անցել և ինչ բուժում ստացել` դրանց արդյունքներով։ Էլեկտրոնային բժշկական պատմագիրը յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի կլինի ցանկացած պահի և ցանկացած վայրում` նույնականացման քարտի միջոցով մուտք գործելով www.armed.am կայք։ Նշենք, որ այդ տվյալների պաշտպանվածությունն ու գաղտնիությունը լիովին ապահովվում է: Էլեկտրոնային առողջապահության համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին, ինչը կբացառի նույն անձի կրկնությունները, հետևաբար` կրկնակի ֆինանսավորման հնարավոր դեպքերը: էլեկտրոնային առողջապահության համակարգը զգալիորեն կմեծացնի պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հիվանդանոցներին տրամադրված ֆինանսական միջոցների ծախսման թափանցիկությունը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։

Նմանատիպ նյութեր