211652_close_icon
views-count4380 դիտում article-date 20:50 04-02-2017

Հայաստանը միացավ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը

Հունվարի 31-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնիի հետ հանդիպմանը ի պահ հանձնեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը ՀՀ միացման վավերագիրը: Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը ընդգծեց, որ 16-րդ արձանագրությունը, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգում համեմատաբար նոր իրավական գործիք, կյանքի է կոչվել 2013թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածում` ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ջանքերով: ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, կարևորեց 16-րդ արձանագրության նշանակությունը, որով կանոնակարգվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ԵԽ անդամ երկրերին տրամադրվող խորհրդատվական օժանդակության ընթացակարգերը, ինչն ազգային մակարդակով հնարավորություն կընձեռի առավել սերտացնել Ստրասբուրգի դատարանի և ՀՀ դատաիրավական համակարգի միջև համագործակցությունը: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին արժևորեց Հայաստանի ներդրումը ԵԽ դերակատարության և տվյալ դեպքում` ԵԽ կոնվենցիոն գործիքների ամրապնդման գործում` միաժամանակ նկատելով, որ Հայաստանը 16-րդ արձանագրությունը վավերացնող ԵԽ անդամ յոթերորդ երկիրն է: Գլխավոր քարտուղարի տեղակալը նաև հավելեց, որ վերոնշյալ արձանագրությունը շուտով ուժի մեջ կմտնի՝ ԵԽ անդամ ևս երեք երկրի կողմից վավերացման դեպքում: Համապատասխան արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո Պարույր Հովհաննիսյանը և Գաբրիելա Բատայինի-Դրագոնին հակիրճ անդրադարձան ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև ԵԽ-Հայաստան փոխգործակցությանը:

Նմանատիպ նյութեր