211652_close_icon
views-count6898 դիտում article-date 19:33 04-02-2017

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար»․ Զապել Եսայան

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականին Կ.Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում։ 1892 թվականին ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը, Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր» 1895 թվականին լույս է ընծայել Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արեւելեան մամուլ», «Ազատամարտ» և այլ պարբերականներում հրատարակել է նովելներ, պատմվածքներ, գրականագիտական հոդվածներ, թարգմանություններ։ Եսայանի ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկիւտարի վերջալոյսներ» (1905, «Արեւելեան մամուլ»), «Կեղծ հանճարներ» (1905,«Արեւելեան մամուլ»), «Հլուները եւ ըմբոստները» (1906, «Ազատ բեմ»), «Շնորհքով մարդիկ» (1907) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծությունների խորությամբ, իրականության ռեալիստական պատկերմամբ։ Եսայանը 1908 թվականին վերադարձել է Կ.Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909 թվականին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրել է «Աւերակներու մէջ» (1911) գրքում, «Անէծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։ 1915-ին խույս տալով ձերբակալությունից՝ ապաստանել է Բուլղարիայում, ապա Թիֆլիսում, եղեռնի մասին հիշողություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։ 1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորեալ» (1919) վիպակները, բողոքել քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ։ 1926 թվականին այցելել է Հայաստան և ստացած տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթէոս ազատագրուած» (1928) գրքում։ 1933 թվականին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից («Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»)։ 1933 թվականին գրողի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան ճակատագրական եղավ. աշխատանքի հրավեր ստացավ Երեւանի պետական համալսարանից։ Ժամանակաշրջանը համընկավ ստալինյան բռնապետության տարիներին։ 1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երեւույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։

Նմանատիպ նյութեր