211652_close_icon
views-count3758 դիտում article-date 19:06 04-02-2017

Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը ԵՀԽ պատվիրակության հետ այցելել է Իրաք

Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը ներկայացնում է Հայ եկեղեցին ԵՀԽ Կենտրոնական հանձնախումբում: Հունվարի 20-24 եկեղեցիների պետերի պատվիրակության կազմում այցելել է Իրաք: ԵՀԽ-ի կազմակերպած այցի ընթացքում եղել են հանդիպումներ քաղաքական գործիչների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների, մարդասիրական օգնության աշխատակիցների, փախստականների, Բաղդադի և Հյուսիսային Քուրդիստանի տեղական քրիստոնյա ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը կարևորեց Իրաքի մշակութային և կրոնական բազմազանության պահպանումը և միջազգային հանրությանը կոչ արեց կայունացնել և վերակառուցել պատերազմի պատճառով տուժած համայնքային կյանքը: ԵՀԽ գլխավոր քարտուղար մեծարգո Օլավ Տվեյտն ուղևորությունն անվանեց,- «մեզ համար կարևոր հնարավորություն է ոչ միայն ունկնդիր լինել, այլ նաև ցույց տալ աշխարհի եկեղեցիների համերաշխությունն ու աջակցությունը Իրաքի ժողովրդին, մասնավորապես նրանց, ովքեր տուժում են ահաբեկչական դաժան գործողություններից»: Պատվիրակությունն այցելեց Բաղդադի Հայկական եկեղեցի, որտեղ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը կազմակերպել էր միջդավանական ընթրիք և քննարկում՝ Իրաքի ժողովրդի առաջ ծառացած խնդիրների վերաբերյալ: Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը բարձր գնահատեց Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի աշխատանքը և կոչ արեց պահպանել հայկական համայնքների կազմակերպվածությունը և տուժածներին ցուցաբերել օգնություն: Բռնությունների հետևանքով քրիստոնյաները հեռանում են Իրաքից, ինչը խոչընդոտում է համայնքային բնականոն կյանքը: Դեռևս հայերը շարունակում են առաջ ընթանալ. Հյուսիսային Քուրդիաստանի Էրբիլ քաղաքում կառուցում են հայկական եկեղեցի: Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը հույսի և հաստատակամության նշան որակեց այդ գեղեցիկ եկեղեցին: Էրբիլի քրիստոնեական փախստականների ճամբարում Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին հիշեցրել են 1915թ. Հայոց ցեղասպանության մասին: §Ճամբարի բնակիչներն անտուն են: Նրանց տներն ավերվել են, խլել են բիզնեսը, նրանք գնալու տեղ չունեն: Նրանք միայն ապահովություն և անվտանգություն են ցանկանում¦,- ասաց նա: ԵՀԽ Միջազգային հարաբերությունների տնօրեն Փիթեր Փրուվը հավելեց, որ երկիրն ունի ոչ միայն ֆիզիկական, այլ նաև օրինական և սահմանադրական անվտանգության, ինչպես նաև համայնքային կյանքի սոցիալական և տնտեսական անվտանգության կարիք: Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը հիշեց փախստականների ճամբարում մի երիտասարդ քրիստոնյա կնոջ հետևյալ խոսքերը. Կարծես ինձնից խլել են իմ ինքնությունը։ Տառապանքն անսահման էր, - ասաց Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, հավելելով, որ եկեղեցու պետերը կարևորում են Իրաքի վերակառուցումը, որպեսզի բնակիչները վերադառնան իրենց երկիր: Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Իրաքի վարչապետ Հայդեր ալ- Աբադիի, նախագահ Ֆուադ Մասումի, Քուրդիստանի նահանգի փոխվարչապետ Քուբադ Թալաբանի հետ: Եկեղեցիների պետերը ներկայացրեցին ԵՀԽ-ի և Նորվեգական Եկեղեցու Օգնության կոմիտեի կողմից արված ուսումնասիրությունների արդյունքները՝ տարածաշրջանի տեղահանված կարիքավոր մարդկանց մասին : Իրաքում մարդասիրական ճգնաժամը սրվեց 2014թ., երբ Իսլամական պետություն խմբավորումը գրավեց Սինջարը, Մոսուլը և Նինեվեհը: Միլիոնավոր մարդիկ տեղահան եղան: Երկրի քրիստոնյա բնակչությունը շարունակում է նվազել, քանի որ ընտանիքներով հեռանում են երկրից:

Նմանատիպ նյութեր