211652_close_icon
views-count3302 դիտում article-date 18:56 03-02-2017

Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Մեր համագործակցությունը հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա և կարևոր է մեզ համար: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Եվրոպական միության հետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, խորացնել և ամրապնդել այն: Այս առումով կարևոր են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները», - ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը կարևորել է COSME և «Հորիզոն 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությունը, ինչպես նաև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին միանալու վերաբերյալ բանակցություններ սկսելը։ Վարչապետն ողջունել է մեր երկրում ԵՄ պատվիրակության ակտիվ մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար: Քրիստիան Դանիելսոնը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները՝ նշելով, որ դրանով երկկողմ հարաբերությունները նոր փուլ են թևակոխում: «Բարեփոխումներն առաջ տանելը կարևոր կլինի մեր համագործակցությունը խորացնելու ու հարստացնելու տեսանկյունից, և հավակնոտ ռեֆորմների մեջ մենք ձեր կողքին ենք, ձեզ հետ ենք», - նշել է նա: Պարոն Դանիելսոնն անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին՝ նշելով, որ ԵՄ-ն հետաքրքրված է, մասնավորապես, տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ընդլայնման, ենթակառուցվածքների բարելավման և պետական կառավարման համակարգի բարեփոխման ուղղություններով գործակցությամբ: Նա նաև ողջունել է ՀՀ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը և նշել, որ ԵՄ-ն ևս հետաքրքրված է ավիացիայի ոլորտում մեր երկրի հետ գործակցության ընդլայնմամբ: Վարչապետը, խոսելով կառավարության գործունեության գերակայությունների մասին, առաջնային է համարել պետական կառավարման համակարգի բարեփոխումը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա հաջողություն և առաջընթաց արձանագրել մյուս բնագավառներում ևս: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը գործելու է հանրություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով և լինելու է այն հարթակը, որտեղ քննարկվելու են տարբեր ոլորտների բարեփոխումները, տնտեսության զարգացման ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել կառավարման, դատաիրավական համակարգերի բարեփոխումների, էլեկտրոնային կառավարության ներդրման, ենթակառուցվածքների բարելավման, ՏՏ և այլ ոլորտների հետագա զարգացման շուրջ, կարևորել փորձի փոխանակումն ու երկխոսության խորացումը: Քրիստիան Դանիելսոնը ողջունել է ՏՏ բնագավառում մեր երկրի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ Հայաստանն ուժեղ է այս ոլորտում, և ՀՀ գիտատեխնիկական ու նորարարական հաջողություները կարող են օրինակ ծառայել Եվրամիության շատ երկրների համար: Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր հարթակներում ԵՄ հետ փոխգործակցության զարգացման համար:

Նմանատիպ նյութեր