211652_close_icon
views-count27792 դիտում article-date 16:59 03-02-2017

Կեչուտ համայնքի թիվ 3 միջնակարգ դպրոցում բացվեց նորօրյա հերոս Կարեն Աղաբեկյանի անվան զինվորական պատրաստվածության դասասենյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1996 թվականի հուլիսի 9-ին Վայոց-Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Կեչուտ համայնքում ծնված Կարեն Արտուշի Աղաբեկյանն աշխույժ և ընկերասեր տղա էր: Կեչուտ համայնքի թիվ 3 միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին աչքի էր ընկնում առաջադիմությամբ և մաթեմատիկական գիտությունների հանդեպ հետաքրքրվածությամբ: Հարազատ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ջերմուկի ավագ դպրոցում, սակայն երբեք չէր մոռանում իր նախկին դպրոցը և հաճախ էր այցելում այնտեղ ու հանդիպում իր առաջին ուսուցիչներին: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Բանակ զորակոչվելով՝ զինծառայության անցավ Արցախի ՊԲ Մարտունու պաշտպանական շրջանի զորամասերից մեկում՝ որպես բուժկետի մեքենայի վարորդ: Ավելորդ է անգամ նշելը, որ 2016-ի ապրիլյան պատերազմը չշրջանցեց նաև նրան: Կ. Աղաբեկյանը, լինելով բուժկետի վարորդ, Ապրիլյան պատերազմի օրերին, առաջնագծից բազմաթիվ վիրավորների է տեղափոխել անվտանգ տարածք, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն և նրա շնորհիվ է նաև, որ զինբժիշկներին հաջողվել է փրկել որոշ մարդկային կյանքեր: 2016թ-ի ապրիլի 21-ին մարտական հերթապահություն իրականացնելիս Կ. Աղաբեկյանը մահացու հրազենային վիրավորում ստացավ և, ցավոք, հնարավոր չէր նրան էլ շտապ բուժօգնություն ցուցաբերելով և տեղ հասցնելով՝ կյանքը փրկել: Կարենը ծանր վիրավորումից մահացավ տեղում: Կ. Աղաբեկյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն, ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշաններով և այլ պարգևներով: Թաղված է իր հայրենի՝ Կեչուտ գյուղի գերեզմանատանը: Համայնքի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրինության որոշմամբ դպրոցի նորաստեղծ նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակն անվանակոչվել է նրա անունով: Դասասենյակի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2016-ի հոկտեմբերի 21-ին: Կարեն Արտուշի Աղաբեկյանի անվան ՆԶՊ դասասենյակի դուռն առաջինը բացելու պատիվը տրվեց նրա քրոջը, որից հետո դասասենյակ մտան և Կարեն Աղաբեկյանի հիշատակին նվիրված անկյունում ծաղիկ խոնարհեցին զինվորական համազգեստ հագած դպրոցականները, ովքեր խորհրդանշում էին մեր ապագա զինվորներին: Նույն օրը ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի ձեռամբ Կարեն Աղաբեկյանի ծնողները, թիվ 3 դպրոցի տնօրեն Ստեփան Ստեփանյանը, դպրոցի զինղեկ Էդուարդ Արսենյանն ու Ջերմուկ քաղաքի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, պարգևատրվեցին պատվոգրով: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր