211652_close_icon
views-count3493 դիտում article-date 14:48 03-02-2017

Տոկիոյում Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Փետրվարի 3-ին Ճապոնիայի ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ ճապոնական կողմից՝ Ճապոնիայի ԱԳՆ Միջին Ասիայի և Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Տոշիհիրա Աիկին։ Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվեցին երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման հեռանկարները, տնտեսական համագործակցության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Միջին Արևելքում, ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի և դրանց հանգուցալուծման, ինչպես նաև միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ: Հայկական կողմը մանրամասնորեն ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից ներդրումների խթանմանն ուղղված քայլերը և Հայաստանում ներդրումներ կատարելու շահավետությունը: Ճապոնական կողմն իր հերթին խոստացավ քննարկել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Կողմերը գոհունակություն հայտնեցին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ՝ այդ համատեքստում քննարկելով նաև հեռանկարային այլ նախաձեռնություններ: Համաձայնություն ձեռք բերվեց շարունակել քննարկումներն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայկական կողմը ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները և գոհունակություն հայտնեց այս հարցում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշման առնչությամբ: Քննարկվեց նաև մշակութային և կրթական ծրագրերի ընդլայնման և խթանման հետ կապված հարցեր: Կողմերը երկուստեք ընդգծեցին հայ-ճապոնական միջխորհրդարանական արդյունավետ համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում բարձր գնահատեցին հունվարի 29-ից փետրվարի 3-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլախավորությամբ ԱԺ պատվիրակության՝ Ճապոնիա կատարած այցի արդյունքները:

Նմանատիպ նյութեր