4036 դիտում
23:27 02-02-2017
ՀՀ պաշտպանության նախարարի այցը կխթանի հայ-իրանական համագործակցությունը պաշտպանական ոլորտում
Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։
Այնուհետև կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հետ։ Բարձր գնահատելով դարավոր պատմություն ունեցող հայ-իրանական բարեկամությունը, զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այն կարևոր նախադրյալ է հարաբերությունների շարունակական խորացման համար։ Ալի Ակբար Վելայաթին նշել է, որ Իրանն ու Հայաստանն արդեն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում տնտեսության մի շարք ճյուղերում և հույս հայտնել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Իրան կխթանի համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, մասնավորապես՝ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Վիգեն Սարգսյանն ու Ալի Ակբար Վելայաթին համակարծիք են եղել, որ լարվածության նոր օջախների ձևավորումը լրջորեն վնասելու է տարածաշրջանային անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է համադրել ջանքերը՝ ահաբեկչության և ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրին։ Զրուցակիցներն ընդգծել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում և կարգավորման կարելի է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով։
Փետրվարի 2-ի երեկոյան հայկական պատվիրակությունը վերադարձել է Երևան։
Նմանատիպ նյութեր
2276 դիտում
22:23 02-12-2019
ExpoDubai-2020-ին ՀՀ մասնակցությունը կխթանի ԱՄԷ-ի հետ համագործակցությունը. փոխվարչապետ Գրիգորյան
1258 դիտում
20:40 31-01-2017
Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման հեռանկարները
Այս բաժնից
421 դիտում
21:29 28-03-2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան