211652_close_icon
views-count140727 դիտում article-date 22:44 02-02-2017

Հերթական բռնությունը կնոջ նկատմամբ Աբովյան քաղաքում. 2 երեխաների մայրը ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո հայտնվել է անօգնական վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է ՝ Աբովյան քաղաքի Սևանի 4/1 շենքում բնակվող 32-ամյա Հերմինե Հովհաննիսյանը, ով 2 անչափահաս աղջիկների մայր է՝ հայտնվել է շրջափակման մեջ և այս ցուրտ եղանակին ապրում է անմարդկային պայմաններում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը նրա 34-ամյա ամուսինն է՝ Շանթ Մուրադյանը, ով ավելի շատ նման է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի՝ Կապույտ Մորուքի հերոսին: 8 տարի է՝ Հերմինեն իր 8-ամյա Անգելինայի և 10-ամյա Լուսինեյի հետ բնակվում են նշված հասցեում և մայրը, ով ամուսնու դաժան ծեծերի հետևանքով արդեն ունի առողջական լուրջ խնդիրներ, կատարել է էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վճարումները և հարևանները գիտեն, որ նա նշված բնակարանից է իր երեխաներին ճանապարհել Աբովյանի թիվ 7 միջնակարգ դպրոց: Անգամ Անգելինային դպրոցում համարում են գերազանց սովորող: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հերմինեն ասում էր. «Ամուսինս, ով ունի հոգեբանական խնդիրներ, հաճախակի է բռնության ենթարկել՝ թե ինձ, թե երեխաներիս: Գլխիս վրայի սպիները նրա հարվածների արդյունքն է, բայց որպեսզի հարևանների մոտ խոսք ու զրույցի առարկա չդառնամ, ամեն անգամ մեջս պահել եմ, մտածելով՝ ամուսինս կուղղվի, սակայն պարզվեց, որ նա կարմիր կովի նման իր կաշին չի փոխում: Տունը, որտեղ մենք բնակվում ենք գրանցված է նրա եղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ, Մակիչ Մուրադյանի անունով ու դա է պատճառը, որ Մակիչը օգտագործելով ամուսնուս հոգեկան անհավասարակշիռ վիճակը՝ ամեն անգամ ինչ-որ պատրվակով ամուսնուս սրում էր մեր դեմ: Երեխաներս երբևիցե առողջական խնդիրներ չեն ունեցել, ամուսինս դրսում մարդկանց խափում և ասում էր, որ, իբրև, նրանք տառապում են էպիլեպսիայով ու մարդկանց մոտ խղճահարություն էր առաջացնում, իսկ մարդիկ օգնության ձեռք էին մեկնում ու գամար տալիս: Բազմաթիվ անգամ խնդրել եմ, որ երեխաներին չպիտակավորի, իսկ դա օգուտ չէր տալիս, ավելի էր բորբոքվում ու սկսում էր ծեծի ենթարկել ոչ միայն ինձ, այլև երեխաներին: Լավ է, գոնե հարևանները օգնում են ինձ: Ճիշտ է՝ երեխաներս հիմա գտնվում են պապիկի տանը, բայց դա հարցի լուծում չի: Մեր հույսը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ու Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն է, որպեսզի կարողանանք այս ձմռան սառնամանիքին գոնե էլկետրականությունը միացնել: Հակառակ դեպքում՝ չգիտենք էլ ում դիմենք»: Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու ժամանակին նա չի դիմել իրավապահ մարմիններին՝ ամուսնու կողմից բռնության ենթրակվելու համար, նա կրկին ասում էր. «Մտածում էի՝ խայտառակ չլինենք և նա կուղղվի: Սակայն ապարդյուն»: Երեխաները պատմում էին նաև, ասելով. «Հեռուստացույցով մուլտֆիլմ էինք նայում՝ «Մաշան ու արջը» և պապան տեսնելով դա՝ հեռուստացույցը լուսամուտից դուրս նետեց: Մենք ուզում ենք գնանք դասի, բայց չենք կարող, քանի որ դասի գնալու համար պետք է Աբովյանում ապրենք՝ Աբովյանի մեր տանը մնանք»: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Հերմինեի հայրը՝ Կամո Հովհաննիսյանը Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է եղել, մի քանի անգամ վիրավորվել է և դա չի խանգարել նույնիսկ, որ նա առողջական խնդիրներ ունենելով հանդերձ մասնակցի ապրիլյան քառօրյա պատերազմին: Իրավիճակի մասին արդեն տեղեկացվել է Աբովյանի քաղաքապետը, ով խոստացել է, որ վաղը կընդունի՝ ամուսնու կողմից դաժան վերաբերմունքի արժանացած կնոջը և կանեն ամեն հնարավորը, որպեսզի հարցը դրական լուծում ստանա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր