211652_close_icon
views-count4303 դիտում article-date 20:46 01-02-2017

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի դեսպանին

Փետրվարի 1-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քյորին, ով փոխանցեց Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի` իր հայ գործընկերոջն ուղղված ուղերձը` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ։ Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ուղերձի համար, իր հերթին դեսպանին հանձնեց Քրիստիա Ֆրիլանդին հասցեագրված ուղերձը։ Զրուցակիցները բարձր գնահատեցին 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կանադական դինամիկ զարգացող գործընկերությունը, անդրադարձ կատարեցին համագործակցության նոր ոլորտներին և դրանց հեռանկարներին: Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական փոխգործակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում, մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հայաստանի ԱԳ նախարարը և Կանադայի դեսպանը գոհունակությամբ արձանագրեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով սերտ փոխգործակցությունը: Մտքեր փոխանակվեցին ՄԱԿ-ի, Ֆրանկոֆոնիայի և ԵԱՀԿ շրջանակներում արդյունավետ փոխգործակցության շուրջ։ Նախարար Նալբանդյանն ու դեսպան Քյորն անդրադարձան մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցերի։ Հանդիպմանն արծարծվեց մերձավորարևելյան զարգացումների հետևանքով միգրացիոն հոսքերի խնդիրը։ Նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Քյորի անձնական ներդրումը, Կանադայի դեսպանին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը:

Նմանատիպ նյութեր