211652_close_icon
views-count4888 դիտում article-date 10:56 01-02-2017

Երկրի ամենահզոր կուսակցությունում ո՞նց կարող է խուճապ լինել. Սամվել Դարբինյան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չնայած Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի ցուցակով չի առաջադրվի, սակայն դա ամենևին էլ չի խանգարում, որ նրա տրամադրությունը շատ բարձր լինի: «Փաստի» հետ զրույցում նա տեղեկացրեց նաև, որ քաղաքապետի պաշտոնը հանձնելուց հետո կրկին վերադարձել է իր հիմնական աշխատանքին: «Ճանապարհաշինությունից եկել էի քաղաքապետ, հիմա նորից վերադարձել եմ իմ հին տեղը և զբաղված եմ նոր ճանապարհի մի մասի կառուցապատմամբ»,- ասաց Ս. Դարբինյանը: Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացնելու և այդ պատճառով էլ կուսակցությունում ներքին խուճապային տամադրությունների մասին էլ ասաց, որ ինքը հոգով–սրտով ՀՀԿ-ական է, բայց կուսակցության անդամներից որևէ մեկի կողմից կատարած քայլերի մասին կարծիք հայտնել չի կարող: «Յուրաքանչյուրն ինքը պետք է կարողանա իր քայլերի համար պատասխան տալ: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ՀՀԿ–ից դուրս գալու մտադրություն չունեմ, քանի որ Հանրապետականն ինձ համար շատ հոգեհարազատ կուսակցություն է: Ես 1997թ.-ից մինչ օրս այս կուսակցության անդամ եմ և մինչև վերջ էլ այս կուսակցության անդամն եմ լինելու»,- ասաց Ս. Դարբինյանը: Նա նաև հավելեց, որ ՀՀԿ-ի վարած քաղաքականությունն իր անձնական քաղաքականությունն է, իսկ ՀՀԿ-ում ո՛չ խուճապ կա, ո՛չ էլ կարող է լինել: «Երկրի ամենահզոր կուսակցությունում ո՞նց կարող է խուճապ լինել: Կլինեն մարդիկ, ովքեր դուրս կգան կամ նորից կանդամագրվեն կուսակցությանը, բայց ինչպե՞ս կարող է խուճապ լինել, եթե միայն վերջերս 7000–ից ավելի մարդ է անդամակցել ՀՀԿ-ին»,- ասաց Ս. Դարբինյանը: Նրա կարծիքով՝ բոլոր կուսակցություններում էլ նման գործընթացներ տեղի ունենում են: Եվ եթե ՀՀԿ-ում առաջին անգամ է նման բան տեղի ունենում, ապա մյուս տեղերում դա անընդհատ և շարունակական բնույթ է կրում: Ս. Դարբինյանը հրաժարվեց երկրում ընթացող քաղաքական պրոցեսների մասին տեսակետ հայտնել՝ նշելով, որ ինքն իր կուսակցության հետ է, իսկ մնացածի մասին էլ խոսել չի ուզում: «Ընդհանրապես բոլոր ընտրություններն էլ պայքար են, և մենք որևէ ուժի չենք թերագնահատում: Նորից եմ կրկնում, մենք հանրապետության ամենահզոր ու ամենամեծ կուսակցությունն ենք և հաստատ համոզված եմ, որ ընտրություններում կրկին առաջին տեղում ենք լինելու»,- ասաց Վանաձորի նախկին քաղաքապետը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր