211652_close_icon
views-count9287 դիտում article-date 20:53 30-01-2017

«Լուսավոր սահման»-ը՝ Տավուշի Վազաշեն և Այգեպար համայնքներում. Բանակի օրը վերածեց կրկնակի տոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն և Այգեպար համայնքներում Հայոց բանակի կազմավորման օրը նշանավորվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ: «Լուսավոր սահման» նախաձեռնությունն իր բարեգործական առաքելության հերթական թիրախ էր ընտրել հենց նշված համայնքները: Նախաձեռնության ներկայացուցիչները` մոտ 40 կամավոր-աջակիցների հետ միասին, ս.թ. հունվարի 28-ին այցելեցին սահմանամերձ այս համայնքներ` էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպերի հերթական խմբաքանակը տրամադրելու ընդհանուր թվով մոտ 390 ընտանիքի: Հատկանշական է, որ գնալով ընդլայնվում է նախաձեռնության համակիրների բանակը: Տավուշ այցելած խմբին էին միացել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտի գերմանացի փորձագետը, ով նախագծին ծանոթացել էր Երևանում վերջին օրերին անցկացվող «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի շրջանակում և մեծ ոգևորությամբ պատրաստակամություն հայտնել միանալ խմբին, ինչպես նաև ամերիկահայ կին, ով ներկայում հաստատվել է Իջևանում և բարեգործական գործունեություն է ծավալում Տավուշի սահմանամերձ համայնքներում: «Լուսավոր սահման»-ի ներկայացուցիչները նախ հանդիպում ունեցան վերոնշյալ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, նրանց ներկայացրին նախաձեռնության նպատակները և խնդիրները, ինչպես նաև բացատրեցին էներգախնայող լամպեր օգտագործելու առավելություններն ու օգուտները: Բնակիչները մեծ ոգևորությամբ և երախտագիտությամբ ընդունեցին նման կարևոր առաքելության հանգրվանն իրենց համայնքներում` նշելով, որ իրենց համար ցանկացած խնայողություն մեծ նշանակություն ունի: «Լուսավոր սահման» նախաձեռնության կազմակերպիչներից Հայկ Շեկյանի խոսքով` պատահական չէ, որ սահմանամերձ համայնքներ այցելության համար ընտրվել է հենց Հայոց բանակի տարեդարձի օրը: «Հայոց բանակն ուժեղ է նաև սահմանը պահող ժողովրդի օգնությամբ: Մենք պետք է այնպիսի հնարավորություններ ստեղծենք սահմանամերձ համայնքների բնակիչների համար, որպեսզի կանխենք արտագաղթը: Իսկ այս նախաձեռնությունը զգալի ներդրում կարող է ունենալ այդ գործում»,- նշեց Հայկ Շեկյանը: Հավելենք, որ մինչ այժմ «Լուսավոր սահման» նախաձեռնության շրջանակում էներգախնայող լամպերով ապահովվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Դովեղ, Ոսկեպար, Բերքաբեր համայնքների ընդհանուր թվով 784 ընտանիք: «Լուսավոր սահման» բարեգործական նախագծի նպատակն է լուսադիոդային լամպեր նվիրաբերել Հայաստանի և Արցախի բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչներին` ստեղծելով նրանց համար երկարաժամկետ տնտեսման միջոց և նպաստելով ողջ երկրում ավելի արդյունավետ ու որակյալ լուսադիոդային (LED) լամպերի տարածմանը: Անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները նախատեսվում է հավաքագրել բարեգործական դրամահավաքի միջոցով: Նախաձեռնության բոլոր մանրամասները հասանելի են www.ledify.am կայքում և «Լուսավոր սահման-Bright Border» ֆեյսբուքյան էջում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր