211652_close_icon
views-count3079 դիտում article-date 19:52 30-01-2017

Հայոց բանակի 25-ամյակի առթիվ արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ

Հունվարի 27-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության կազմակերպմամբ Սուրբ Նահատակաց եկեղեցում ԱՄԷ-ում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ ծայրագույն վարդապետ Սարգսյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ՝ նվիրված Հայոց ազգային բանակի կազմավորման 25-ամյակին, որին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, դիվանագետներ, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ: Հայոց բանակի հերոսաբար ընկած հերոսների հիշատակի հոգեհանգստյան արարողությունից հետո ծաղիկներ տեղադրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար հուշարձանի առջև: Հունվարի 28-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչներ, բանակի և զինված ուժերի բարձրաստիճան սպաներ և պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, Իրանի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տ. Նշան Արք. Գարաքեհեյանը, համայնքային իշխանությունների և մշակութային միությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սևադա Շաբանյանը: Հունվարի 29-ին Բաթումիում կայացան Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որի շրջանակներում Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ, կիրակնօրյա պատարագից հետո, ՀԱԵ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման, Արցախյան ազատագրական պայքարի տարիներին և հայոց սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների հիշատակին, որին հաջորդեց ծաղկեդրման արարողություն խաչքարի մոտ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից: Արարողությանը Հայոց 25-ամյա բանակի սպաների և զինվորների քաջագործությունների մասին ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը և ՀՕՄ Բաթումիի խմբի համակարգող Էթերի Հակոբյանը: Այնուհետև, Հայ եկեղեցուն առընթեր Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի սրահում կայացավ ընդունելություն, որի ընթացքում տեղի ունեցան Հայոց բանակի մասին պատմող վավերագրական նոր ֆիլմի ցուցադրություն և համերգ, որտեղ հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկան համայնքային երգչախումբը, կրթամշակութային կենտրոնի նախակրթարանի և կիրակնօրյա դպրոցի սաները:

Նմանատիպ նյութեր