211652_close_icon
views-count3995 դիտում article-date 20:48 28-01-2017

Բանակի պաշտոնական ծննդյան օրվան նախորդել էր ավելի քան եռամյա մի շրջան․ ՀԱԿ

Հայաստանի բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։ 1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» մասին։ Ապա, Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ Բանակի պաշտոնական ծննդյան օրվան նախորդել էր, սակայն, դրա լինելիության ծրագրված ավելի քան եռամյա մի շրջան՝ սկսած դեռ 1988 թվականից։ Այդ ընթացքում Ղարաբաղյան համազգային շարժման ղեկավար ուժի՝ Հայոց Համազգային Շարժման կողմից արվել են հաշվարկված կարեւոր քայլեր՝ ելնելով յուրաքանչյուր պահի անհրաժեշտությունից եւ ընձեռած հնարավորությունից. ինքնապաշտպանական ջոկատների կազմավորում 1988- 89 թվականներին, հայ զինվորների՝ Հայաստանում ծառայլեու մասին օրենքի ընդունում դեռ կոմունիստական իշխանության պայմաններում։ Զինված ուժերի կազմավորման խնդիրը նույն քաղաքական ուժի համար առաջնային էր նաեւ իշխանության գալուց հետո։ 1990 թ. հուլիս օգոստոսին սահմանամերձ շրջանների պաշտպանության գործառույթով հատուկ ստորաբաժանումներ ստեղծվեցին Ներքին գործերի նախարարության համակարգում։ Հայաստանի նոր իշխանությունները մի քանի անգամ վճռականորեն հակադրվեցին ԽՍՀՄ կենտրոնական իշխանության որոշումներին եւ հրամանագրերին, որոնց կատարումը կարող էր վտանգել հայկական զինված ուժերի կազմավորման գործընթացը։ 1992 թվականին հունվարի 28-ին հայկական բանակի մասին ընդունված որոշումից հետո բանակաշինության գործը նոր թափ հավաքեց։ Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Ելցինի հետ ձեռք բերվեց կարեւոր պայմանավորվածություն, որով անմիջապես Ռուսաստանից Հայաստան հրավիրվեցին հայազգի բարձրաստիճան զինվորականներ՝ մեկ տարվա ընթացքում շուրջ 1200 հոգի։ Նույնպիսի մի այլ պայմանավորվածությամբ Հայաստանի բանակն ստացավ Հայաստանի տարածքում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի ամբողջ ռազմամթերքը, ապա նաեւ շատ ավելին։ Այս ամենի շնորհիվ, պարտադրված պատերազմում Հայաստանը բանակաշինության ասպարեզում մի քանի քայլ առաջ անցավ Ադրբեջանից ինչը եւ կարեւորագույն նշանակություն ունեցող հանգամանքներից մեկն էր Լեռնային Ղարաբաղն ազատագրելու, ռազմաճակատներում հաջողություններ եւ փառապանծ հաղթանակներ գրանցելու գործում։ Իշխանության ամենօրյա հոգածության եւ ժողովրդի գորովանքի առարկա դարձած բանակի հաղթանակները դժվարագույն տնտեսական ու սոցալական վիճակում հայտնված Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ամենակարեւոր սփոփանքն էր, պարծանքի եւ կենսական ուժի բազմապատկման միջոցը։ Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ ՀՀ զինված ուժերը այսուհետ եւս պատվով կկատարեն իրենց միակ՝ արտաքին վտանգից երկրի պաշտպանության խնդիրը՝ դառնալով ապահովության եւ խաղաղության առանցքային գրավականը։

Նմանատիպ նյութեր