211652_close_icon
views-count19054 դիտում article-date 14:19 28-01-2017

Կցկտուր հուշեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին. iLur.am

«Հը՞, էլի դառար իմ ընկե՞րը»,- հարցրի: Բարձր, իր նման, շատ բարձր ծիծաղեց. «Լիզա՞…»: Էլի ծիծաղեց, էլի ծիծաղեց: Ասաց. «Վայ, Լիզաաաաաաա, բոլորը փոխվեցին, դու նույնը մնացիր: Առաջինը մամաս զանգեց, երկրորդը` դու», գրում է [url=http://www.ilur.am/news/view/9881.html]ilur.am[/url]-ը։ Վազգենն էր: Կեսգիշերին լսեցի` հրաժարական է տվել, անմիջապես զանգեցի: Պատերազմի տարիներն էին, բոլոր կողմերից հարվածում էին Վազգենին. ինքը որոշեց, թե Գերագույն հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին որոշեցին, ամեն դեպքում որոշվեց, որ Վազգեն Սարգսյանը հրաժարական տա: Հարցրի` ինչու՞, ասաց` գուցե իմ հրաժարականից հետո բանակին էլ էսքան չհարվածեն: Հենց վերցրեց լսափողը, առանց բարեւ-մարեւի, ասացի` հը՞, էլի դառար իմ ընկե՞րը: Միշտ էր իմ ընկերը, բայց պաշտոնյա էր ամեն դեպքում: Ես էլ պաշտոնյաներին զանգելու «սեր» չունեի: Եսիմ ինչ պետք է լիներ, որ զանգեի: Ու էդ եսիմինչը եղել էր, Վազգենը հրաժարական էր տվել, նորից դարձել էր իմ արձակագիր ընկեր Վազգենը, ու ես հին օրերի նման զանգեցի արձակագիր ընկերոջս: Ասաց` վաղը կգամ ձեր տուն: Եկավ: Դե, Վազգենն էր գալու, ընկերներիս հավաքեցի գլխիս: Վանոն էլ եկավ: Որ հավաքվում էինք իրար գլխի, երգում էինք: Ամենալավը Վանոն էր երգում, հետո` Վազգենը: Մեկս` լավ, մեկս` մի կերպ, բայց երգում էինք: Հիշում եմ` իմ վերեւի հարեւանուհին մի օր խոստովանեց. «Էդ տարիներին ձեր երգերը պահեցին ինձ, որ դիմանամ»: Միայն հարեւանուհուս չպահեցին մեր երգերը, մեզ էլ պահեցին: Վազգենի ծիծաղին սկիզբ ու վերջ չկար էդ օրը, շատ ուրախ էր. չգիտեմ` հին ընկերներին էր կարոտել՝ դա էր պատճառը, թե ինքն իր որոշումը ճիշտ էր համարել ու թեթեւացած էր… Իր նման ծիծաղում էր ու ծիծաղում, բարձր-բարձր, մի քիչ երեխայի նման, մի քիչ` մահեր տեսած զինվորի նման: Ինձ նորից համոզեց, որ «Կիկոն» երգեմ. «Զիմ Կիկոյի ինչն է պակաս, որ չեն գրեր ֆիդայի…»: Շատ էր սիրում էդ երգը: Երգեցի մի կերպ` իմ չունեցած ձայնով: Ասաց` հրաշք է: Ընկերներս ինձ երես էին տալիս, ոնց էլ երգեի, ասում էին` հրաշք է: Այդպես` հրաշքներով հավաքվել էինք, ու կարոտ էր, որ դուրս էր հորդում: Այդ օրվա Վանոյի «Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը» չեմ մոռանում, մեկ էլ Վազգենի «Տարիներս անցան»-ը: Տարիներն անցնում էին, բայց մեկ է` ինչքան էլ մեծանար Վազգենը, ինչքան էլ պատերազմում կոշտանար հոգին, երեխա էր: Տղաս տասնհինգ տարեկան դարձավ, զանգեց` գալիս եմ, Արայիկին նվեր եմ բերում: Պատշգամբից տեսա, որ ուսին ավտոմատ կա: Մտածեցի` իրենն է երեւի: Եկավ: Պարզվեց` ավտոմատը նվեր է բերել Արայիկին: Տղայիս աչքերը փայլում էին, ես էլ խնդմնդում էի, բայց սիրտս դող էր ընկել, ի՞նչ էինք անելու էդ ավտոմատը… Չուզեցա սիրտը կոտրել, ինքն էնքան գոհ էր իրենից, որ Արայիկին ավտոմատ է նվեր բերել: Մի քանի ամիս թողեցի, որ տղաս ավտոմատը քանդի-հավաքի, քանդի-հավաքի, հետո զանգեցի Վանոյին: Դե, վանոյավարի ջղայնացավ` էլ բան չի՞ գտել նվիրելու, մարդ կուղարկեմ, ավտոմատը կտաս իրեն: Ասացի` Վազգենը չիմանա, կնեղանա: Չիմացավ: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=http://www.ilur.am/news/view/9881.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր