211652_close_icon
views-count4387 դիտում article-date 11:10 28-01-2017

ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում ՀՀ թեկնածուի նշանակման հարցը Մոսկվայի ձեռքին գործիք է Հայաստանին որոշումներ պարտադրելու համար. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ թեկնածուի նշանակման հարցի ձգձգումն արդյունավետ մեխանիզմ է Ռուսաստանի ձեռքին՝ Հայաստանին որոշումներ պարտադրելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ Մշտական խորհրդի «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծին, համաձայն որի՝ ՀԱՊԿ ռոտացիոն կարգի համաձայն՝ հաջորդ երկիրը Հայաստանն է, հետևաբար՝ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի թեկնածուն: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը տեղեկացրել է, որ նախագիծը դեռ պետք է ներկայացվի կառույցի անդամ պետություններին՝ վավերացման համար: Նախագիծը կքննարկվի ՀԱՊԿ գագաթաժողովում: 2016 թվականին Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ Խորհրդի նիստի ժամանակ որոշում էր կայացվել, որ կազմակերպության գագաթաժողովը կայանալու է 2017 թվականի ապրիլին: Աղասի Ենոքյանը վստահ չէ, որ ՀԱՊԿ Մշտական խորհրդի որոշումը կվավերացվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից։ «Ես կարծում եմ, որ պարզապես շատ են եղել խոսակցություններն այն մասին, թե ինչու ՀՀ ներկայացուցիչը, ըստ ռոտացիոն կարգի, չի զբաղեցնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որի պատճառով նման հաղորդագրություն է տարածվել։ Իսկ մինչ գագաթաժողովը երևի թե որոշակի ժամանակ կանցնի, գագաթաժողովին կլինեն քվեարկություններ, և կտեսնենք, որ կրկին նույն իրավիճակին են բախվելու»,- ասաց Աղասի Ենոքյանը։ Նրա համոզմամբ՝ այս հարցը դարձել է Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու շատ արդյունավետ մեխանիզմ։ «Եթե այլևս այս մեխանիզմի կարիքը չլինի, գուցե արդեն ՀՀ ներկայացուցիչը զբաղեցնի այդ պաշտոնը, երբ Հայաստանի համար ևս միևնույն լինի, ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար միևնույն լինի։ Բայց կարծում եմ՝ այս պահին Ռուսաստանը դեռ կարողանում է այս հարցով ճնշումներ բանեցնել Հայաստանի նկատմամբ։ Իրենք տարբեր հարցեր ունեն լուծելու՝ սկսած տնտեսական, քաղաքական, ռազմականից։ Հիշեցնեմ, որ Հայաստանը միացավ ՀՕՊ համակարգին, ձևավորվեց հայ-ռուսական միացյալ զորախումբ, ակնհայտ է, որ այս ամենը չի բխում ՀՀ շահերից։ Այսինքն՝ սա այն լծակներից մեկն է, որով ճնշումներ են բանեցվում, որոշումներ կորզվում»,- նման կարծիք հայտնեց քաղաքագետը»։ [b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր