211652_close_icon
views-count3332 դիտում article-date 22:12 27-01-2017

Մայրաքաղաքի մշակութային կյանքը 2016 թվականին առանձնացավ իր բազմաժանր ծրագրերով

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է հանրակրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերը: Անդրադառնալով մշակույթի բնագավառում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրերին՝ նշվել է, որ մայրաքաղաքի մշակութային կյանքը ինչպես նախորդող չորս տարիներին, այս տարի ևս եղել է բավականին ակտիվ: 2016-ին կազմակերպվել և անցկացվել է շուրջ 100 բացօթյա և դահլիճային միջոցառում: Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ կարևորելով մայրաքաղաքի համաչափ զարգացումը՝ միջոցառումները կազմակերպվել են վարչական բոլոր շրջանների կենտրոնական այգիներում, հրապարակներում և այլ հարթակներում: 2016 թվականն ակտիվ էր նաև մշակութային համագործակցության առումով: «Գիտեք, որ ապրիլյան դեպքերով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանը մասնակի կրճատեց մշակութային ծրագրերի մասով բյուջեն, սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որպեսզի նախատեսված միջոցառումները հավուր պատշաճի անցկացվեն», - հատկանշել է Արամ Սուքիասյանը: Խոսելով 2017-ին նախատեսված ծրագրերի մասին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարվա մշակութային միջոցառումների օրացույցում իրենց տեղը կզբաղեցնեն ինչպես արդեն ավանդական դարձած միջոցառումները, ինչպիսիք են «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ իր մարզամշակութային միջոցառումներով ու փառատոներով, այնպես էլ կնշվեն պարի, ջազի, թատրոնի օրերը, մայրաքաղաքի ծննդյան տոնն ու Ամանորը: «Հատկապես վերջին տարիներին Երևանը վերածվել է փառատոնային քաղաքի: Եվ բացի միջազգային կինոփառատոներից ու երաժշտական փառատոներից, մայրաքաղաքում արդեն ավանդական են քաղաքապետարանի նախաձեռնած ամառային տարբեր փառատոները, որոնք ոչ միայն յուրահատուկ հմայք են հաղորդում մայրաքաղաքի կյանքին, այլև նպաստում են դեպի Երևան զբոսաշրջության զարգացմանը», - նշել է Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանների մասով քաղաքապետի տեղակալը նշել է, որ այցելողների ցուցանիշում արձանագրվել է լուրջ աճ: Հիմնական ցուցադրություններից բացի, թանգարաններում կազմակերպվել են նաև բազմաթիվ ցուցահանդեսներ և ժամանակավոր ցուցադրություններ: Թանգարանային գործունեության մեջ մեծ է նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը: Նախորդ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է 51 միջոցառում՝ 2015թ. 40-ի համեմատ: 2016 թվականի ընթացքում 777 նոր ցուցանմուշով են հարստացել Երևան քաղաքի պատմության, Կարեն Դեմիրճյանի և Նանսենի թանգարանները: Միջոցառումներով են հագեցած նաև համայնքային գրադարանները: Անդրադառնալով գրքային ֆոնդի հարստացմանը՝ նշվել է, որ յուրաքանչյուր տարի գարնանը Երևանի քաղաքապետարանի կողմից 7-10 հազար կտոր գրականությամբ համալրում է կատարվում: Նախորդ տարի այն համալրվել է 15000 գրքով: Ի դեպ, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում ներդրված էլեկտրոնային սպասարկման ծրագրի շնորհիվ ընթերցողները հնարավորություն ունեն էլեկտրոնային եղանակով տեղեկանալու, թե որ գրադարանում է առկա իրենց հետաքրքրող գիրքը: Բացի այդ, սոցիալական որոշակի խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, հնարավորություն ունեն ցանկացած գիրք 15-օրյա ժամկետով վերցնել գրադարանից: «Այսօր քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 19 գրադարաններն ամբողջությամբ նորոգված են և ապահովված ջեռուցման համակարգերով: Նաև այդ աշխատանքների շնորհիվ է, որ այսօր այցելությունների թիվը տարվա ընթացքում կազմել է 650 հազար», - ընդգծել է Արամ Սուքիասյանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ 2016-ին հիմնանորոգվել է 7 մշակութային ուսումնական հաստատություն: Կրթամշակութային օջախները համալրվել են նաև անհրաժեշտ գույքով և գործիքներով: «Երևանի քաղաքապետարանն իր որդեգրած սկզբունքի համաձայն 2017-ին ևս կշարունակի ծրագրային քաղաքականությունը՝ նաև նոր գաղափարներով ու նախագծերով համալրված»,-նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը: Խոսելով երաժշտական և արվեստի դպրոցների հաջողությունների մասին՝Արամ Սուքիասյանն ուրախությամբ նշել է, որ սաները, մասնակցելով 296 միջազգային մրցույթների և փառատոների, Երևան են վերադարձել գրան-պրիներով, ինչպես նաև պատվավոր առաջինից 3-րդ հորիզոնականների մրցանակներով: 2016 թվականի մշակութային կրթօջախներում 337 սանով համալրվել է աշակերտների կազմը: 2016-ին ձեռք է բերվել նաև 18 տեսակի 154 նոր երաժշտական գործիք, ինչն իր ծավալով աննախադեպ է դպրոցների պատմության մեջ: Այս ծրագիրը շարունակական է լինելու նաև 2017-ին: Անդրադառնալով Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրում ընդգրկված նախագծով 2016-ին շարունակվել են աշխատանքները: Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել առյուծների, ինչպես նաև գայլերի և արջերի ազատավանդակների կառուցումը: Նշվել է նաև, որ նախորդ տարի 5-ով ավելացել է նաև այգու բնակիչների թիվը: Խոսելով 2017-ի անելիքների մասին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ այս տարի երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հաճելի անակնկալ է սպասվում. Հանրապետության հրապարակի շատրվաններն այս տարի կներկայացվեն երաժշտական նոր ծրագրով, որում ընդգրկված կլինեն ինչպես համաշխարհային հայտնի ու սիրված երգեր, այնպես էլ դասական և հայ հեղինակների երաժշտություններ:

Նմանատիպ նյութեր