211652_close_icon
views-count3409 դիտում article-date 23:03 26-01-2017

Քառորդ դարի ընթացքում Հայաստանի և Բուլղարիայի միջև գործընկերությունը շարունակական զարգացում է ապրել. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դանիել Միտովի միջև: Նախարարներն իրենց ուղերձներում ընդգծել են, որ ավանդական բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ քառորդ դարի ընթացքում երկու երկրների միջև գործընկերությունը շարունակական զարգացում է ապրել՝ ընդգրկելով համագործակցության նոր՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներ: Երկու պետությունների միջև հաստատված ամուր համագործակցության մասին են վկայում բարձր մակարդակի փոխայցելությունները, իրավապայմանագրային լայն դաշտը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա համագործակցությունը, միջկառավարական հանձնաժողովի պարբերական հանդիպումները: Իր հերթին Բուլղարիայի ԱԳ նախարարը, առանձնահատուկ կարևորելով միջազգային կազմակերպությունների շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացումը և շրջանակային նոր համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռեն նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար: Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Դանիել Միտովը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կիրառել երկկողմ համագործակցության ամբողջ ներուժը և առավել ընդլայնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր