211652_close_icon
views-count3730 դիտում article-date 16:12 26-01-2017

Սինգապուրի և Կանադայի հետ օդային հաղորդակցություններ են սկսվելու

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստում համաձայնություն է տվել Սինգապուրի և Կանադայի կառավարությունների հետ օդային հաղորդակցությունների համաձայնագրերի կնքման առաջարկությանը: Համաձայնագրերն ուղղված են օդային հաղորդակցությունների ոլորտում Սինգապուրի և Կանադայի հետ հարաբերությունների լիարժեք և պատշաճ իրավական կարգավորմանը, «բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը: Ակնկալվում է, որ համաձայնագրերի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև համաձայնագրի կնքումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին այցելելու է Գյումրի: Նա ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարել է այցի մեկնարկային կետ նախատեսել «Շիրակ» օդանավակայանը: «Գյումրիում քննարկելու ենք զբոսաշրջության հետ կապված լայնածավալ ծրագիր: Խնդրում եմ օդանավակայան հրավիրեք տնօրեններին, որովհետև կա պայմանավորվածություն, որ իրենք պետք է ներդրումներ կատարեն, քանի որ զբոսաշրջության հոսքը Գյումրի մեծ է լինելու»,- ընդգծել է վարչապետը: Կառավարությունը համաձայնություն է տվել նաև «ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի ԱՊՀ անդամ պետությունների գիտատեխնիկական ոլորտում հիմնարար հետազոտությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև հիմնարար հետազոտություններ իրականացնող կադրերի մասնագիտական պատրաստման որակի բարելավմանը, ազգային և միջազգային փորձի ուսումնասիրմանը:

Նմանատիպ նյութեր