211652_close_icon
views-count3177 դիտում article-date 15:47 26-01-2017

Վարչապետը կարևորել է հայ-չինական տնտեսական համագործակցության ակտիվացումը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերից և անդրադարձել հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար՝ միաժամանակ կարևորելով հարաբերությունների մակարդակի բարձրացումը: «Ես ուզում եմ, որ չինաստանյան գործարարները Հայաստանում իրենց հարմարավետ զգան: Մենք ցանկանում ենք նաև Չինաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատել»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետն ասել է, որ կառավարությունը շահագրգռված է ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ և պատրաստ է օժանդակել Չինաստանի գործարարներին Հայաստանի շուկայում գործունեություն ծավալելու հարցում: Կարեն Կարապետյանն առաջարկել է ներկայացնել կոնկրետ ծրագրեր՝ նշելով, որ դրանք մանրամասն կքննարկվեն կառավարության կողմից: ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմը ևս կարևորում է Հայաստանի հետ տնտեսական գործակցության խորացումը և նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր