211652_close_icon
views-count24417 դիտում article-date 22:22 25-01-2017

Հաթերքում նշեցին ապրիլի 26-ին Մատաղիսում զոհված Արամ Առուշանյանի ծննդյան տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան ազատամարտի մասնակից, կոչումով փոխգնդապետ Արամ Նիկոլայի Առուշանյանի մարտական ընկերները սովոր էին այն բանին, որ իրենց ընկերոջ ծննդյան տարեդարձը սկսում էին առանց նրա, քանի որ տարիներ շարունակ Արամի համար ծառայությունն առավել կարևոր էր, քան իր անձնական կյանքն ու նույնիսկ իր ծննդյան տարելիցի օրերին տուն էր վերադառնում միմիայն ծառայողական բոլոր պարտականությունները կատարելուց հետո: Նրան ամենից շատ սպասում էին նրա 4 մանկահասակ երեխաներն, ովքեր դեռ չէին էլ գիտակցում ընտանիքի կորստյան ծանր վիշտը և, որ այլևս երբեք հայրիկը ծառայությունից էլ տուն չի՜ գա…: 1972 թվականի հունվարի 24-ին Արցախի Հաթերք գյուղում ծնված Ա. Առուշանյանը իր հայրենի գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1990 թվականին, ընդունվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը, սակայն շատ չանցած, ուսումը թողնելով, վերադարձավ Արցախ և կամավորագրվեց՝ ընտրելով հրետանավորի բարդ մասնագիտությունը: Արցախյան պետերազմն անցավ փառքով: 1992-ից 2013 թվականներին, անձնվիրաբար ծառայեց Հայոց բանակում՝ զբաղեցնելով մի շարք բարդ և պատասխանատու պաշտոններ: 2013-ի ապրիլի 2-ին, փոխգնդապետի կոչմամբ անցավ իր վաստակած զինվորական թոշակին և հանգստին: Սակայն հանգիստ ասվածը երկար չտևեց: Ուղիղ 3 տարի անց՝ 2016-ի ապրիլի 2-ին, Ադրբեջանի սանձազերծած կայծակնային պատերազմի ռազմագործողությունների առաջին իսկ օրը Ա. Առուշանյանը կրկին կամավորագրվեց և իսկույն ուղևորվեց առաջնագծի ամենաթեժ կետեր: Ապրիլյան պատերազմի օրերին նա մասնակցեց Թալիշի և Մատաղիսի ամենալարված մարտերին՝ ցուցաբերելով խիզախություն և արիություն, մշտապես եղավ այն տեղերում, որտեղ նրա կարիքը կար առավել քան երբևէ: 2016թ.-ի ապրիլի 26-ը, սակայն, դարձավ Արամի վերջին մարտի օրն, ով հակառակորդի արկի բեկորներից զոհվեց մարտի դաշտում՝ հերոսի մահով: Հունվարի 24-ին հաթերքցիները տոնեցին հերոսների շարքն անցած հայորդու ծննդյան 45-րդ տարելիցը: Այդ առիթով, հունվարի 24-ի առավոտյան ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության ներկայացուցիչները, ՀՀ նախագահ Սերժ Սարսյանի տնօրինությամբ և հովանավորությամբ իրականացվող «Դուք մենակ չեք» (Մենք ձեզ հետ ենք) նախաձեռնության շրջանակներում իր պատվիրոկությամբ այցելեց Առուշանյանների ընտանիքին: Ստեփանակերտում ՂՊՎ փոխնախագահ, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վրեժ Եղիազարյանին և ՂՊՎ «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում Առուշանյանների ընտանիքի հետ ընկերացած ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտ Բաբայան Հայկին դիմավորեցին ՂՊՎ արցախյան կառույցի ընդհանուր ղեկավար Ռուման Բալայանը, ՂՊՎ «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում Առուշանյանների ընտանիքի հետ ընկերացած ազատամարտիկ Մխիթար Առաքելյանը և Արցախի ՊԲ Արսկերանի տարածաշրջանի գնդերեց Գարիկ սարկավագ Կադեյանը, ովքեր միասին հյուրընկալվեցին Ստեփանակերտի «Արցախ» թաղամասում գտնվող Առուշանյանների նոր բնակարանում: ՂՊՎ պատվիրակությունը Ա.Առուշանյանի ընտանիքի և մարտական ընկերների հետ նշեցին նրա ծննդյան տարեդարձը, որից հետո ներկաներն ուղևորվեցին Հաթերք: ՂՊՎ պատվիրակությանը, Արամի ընտանիքի անդամներին և ընկերներին, Հաթերքի գերեզմանատան առաջ ողջունեցին հաթերքցի բնակիչները: Գարիկ սարկավագ Կադեյանի հանդիսապետությամբ հերոսացած հայորդու գերեզմանի առջև հնչեց ընդհանրական «Հայր մերն» ու հայ ժողովրդի, բանակի և եկեղեցու Պահպանիչ աղոթքը, որից հետո ՂՊՎ արցախյան կառույցի ղեկավար Ռուման Բալայանը, ՂՊՎ ղեկավար Յուրի Միքայելյանի անունից, Ա. Առուշանյանի մեծ որդուն փոխանցեց ՂՊՎ սահմանած և հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշանը: Այնուհետև միջոցառման մասնակիցները հյուրընկալվեցին տեղի ակումբում, որտեղ Արամի մարտական ընկերները կիսվեցին իրենց ընկերոջ սխրանքների մասին պատմող հուշերով, իսկ տեղի դպրոցի աշակերտները ներկայացրեցին նրա հիշատակին նվիրված կարճամետրաժ ֆիլմն ու բեմադրությունը: ՂՊՎ պատվիրակության ուղևորությունը Հաթերք ավարտվեց այցելությամբ տեղի միջնակարգ դպրոց, որտեղ նրանք ծանոթացան Ա. Առուշանյանի անունը կրող նորաստեղծ ՆԶՊ դասասենյակի ու դպրոցի հրաձգարանի ընձեռած հնարավորությունների հետ: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր