211652_close_icon
views-count1357 դիտում article-date 19:03 25-01-2017

Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը Ֆոկշան քաղաքում մասնակցեց Միավորման օրվա 158-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին

Հունվարի 24-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը Ֆոկշան քաղաքում մասնակցեց Միավորման օրվա 158-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին։ Ֆոկշանի քաղաքապետ Քրիստի Միսաիլյայի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Բերդ համայնքի հետ համագործակցության խորացման, մասնավորապես՝ եղբայրացման պայմանագրի ամբողջացման և հումանիտար ու մշակութային բնագավառներում տարբեր ծրագրերի խթանման հետ կապված հարցեր: Այնուհետև, Հայաստանի դեսպանը Ֆոկշանի քաղաքապետի հետ մասնակցեց համատեղ մամուլի ասուլիսին, որին ներկա էին նաև Ֆոկշանի հետ եղբայրացած քաղաքների պատվիրակություններ՝ Հոլանդիայից, Սերբիայից, Լիտվայից և Մոլդովայից: Ընդգծելով իշխանապետությունների միավորման առանցքային դերը ռումին ժողովրդի պատմության մեջ՝ դեսպան Գասպարյանն առանձնահատուկ հպարտությամբ նշեց, որ եղբայրական ռումին ժողովրդի հետ միասին, հայ ժողովրդի զավակները նույնպես իրենց ներդրումն են ունեցել այդ փառավոր պատմության կերտման գործում, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և Ռումինիայի տասնյակ քաղաքների և մարզերի միջև ստեղծվել է համագործակցության լայն դաշտ: Հայաստանի դեսպանն օտարերկրյա պատվիրակությունների հետ այցելեց Ֆոկշանի քաղաքային թատրոն և Միավորման թանգարան, իսկ այնուհետև, Միավորման հրապարակում մասնակցեց տոնական թատերականացված հանդիսություններին և զորահանդեսին, որին ներկա էին Ռումինիայի կառավարության անդամներ, դեսպաններ, տեղական իշխանությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ: Տեղեկանք․ 1859թ. հունվարի 24-ին Մոլդովայի և Մունտենիայի իշխանապետությունների միավորմամբ, որը հայտնի է որպես Փոքր միավորում, սկիզբ դրվեց ժամանակակից ռումինական պետության հիմնադրմանը:

Նմանատիպ նյութեր