211652_close_icon
views-count4180 դիտում article-date 15:31 25-01-2017

Իրանցի գործարարներին ներկայացվեցին մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ և Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում իրանցի գործարարների հետ: Հարևան երկրից ժամանած հյուրերին ներկայացվեցին Հայաստանի` որպես տարանցիկ երկրի հնարավորությունները Իրան - Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելիս: Հանդիպման ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչը գործարարներին ներկայացրեց իրենց բազմամյա փորձառությունը բեռնափոխադրումների կազմակերպման ոլորտում: Իրանցի գործարարները ծանոթացան նաև մուլտիմոդալ փոխադրման առաջին հաջող փորձին: Անցած տարվա նոյեմբերին տրվեց Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեկնարկը. փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվեց Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: Փորձնական մեկնարկը տեսանելի դարձրեց Փոթիից Երասխ կոնտեյներների տեղափոխման համար անհրաժեշտ ժամանակը՝ 38 ժամ, որը բավական լավ ցուցանիշ է: Բեռների փոխադրման այս մոդելը շահեկան է նաև հուսալիության առումով: Բավական է նշել, որ Եվրոպայում կոնտեյների վրա դրված կապարակնիքը մնում է ամբողջական մինչև բեռը Թեհրան հասցնելը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևի խոսքով` փոխադրումներ իրականացնելիս հնարավոր է նկատի ունենալ յուրաքանչյուր պատվիրատուի անհատական պահանջները և մատուցվող ծառայությունը հարմարեցնել այդ պայմաններին: Դմիտրի Գվոզդևը խոսեց նաև բեռների ապահովագրության և գործընթացի կազմակերպման «մեկ պատուհան» սկզբունքի մասին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գերակայություններից համարվող այդ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեծացնել Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալը՝ նպաստելով Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը:

Նմանատիպ նյութեր