211652_close_icon
views-count2249 դիտում article-date 13:05 25-01-2017

Չնայած բոլոր բարդություններին, 2016 թ-ին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը. Բակո Սահակյան

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Իր ելույթում Նախագահ Սահակյանն անդրադարձել է 2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին եւ խնդիրներին: Նախագահի ընդգծել է, որ անցած տարին եղել է բավականին բարդ ու ծանր մեր հանրապետության, ժողովրդի եւ տնտեսության համար, երկրի տնտեսական բնականոն զարգացմանը մեծ հարված է հասցրել ապրիլյան քառօրյա պատերազմը, որն իր ազդեցությունն է թողել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա: Նախագահ Սահակյանը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին, 2016 թվականին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում, գրանցել ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով տնտեսական աճ: Միաժամանակ, Նախագահը կառավարությանը հանձնարարել է խոր վերլուծության ենթարկել տարվա արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերի եւ բացթողումների վրա, որոնք տեղ են գտել աշխատանքում, եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: Խոսելով 2017 թվականի անելիքների մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել տարվող աշխատանքների որակը, համակարգվածության աստիճանը, պարտականությունների կատարումը, արդյունավետորեն օգտագործել պետական միջոցները: «Այն ամենը, ինչ նախանշվել է եւ ընդունվել համապատասխան օրենքներով ու կառավարության որոշումներով, անհրաժեշտ է իրականացնել անվերապահորեն եւ հետեւողական կերպով»,- նշել է ԼՂՀ Նախագահը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր