211652_close_icon
views-count3780 դիտում article-date 20:39 24-01-2017

Նոր շունչ ու բովանդակություն Արցախի և Նոր Հարավային Ուելսի միջև բարեկամական կապերին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջից: Բակո Սահակյանի ուղերձում ասված է. «Հարգարժան տիկին Բերեջիկլյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր գիտելիքներն ու հարուստ փորձը լավագույնս կծառայեն ի բարօրություն նահանգի բնակչության։ Նոր Հարավային Ուելսը, առաջատար դերակատարություն ունենալով Ավստրալիայի տնտեսական ու քաղաքական կյանքում, հայտնի է նաև որպես մի երկրամաս, որտեղ մշտապես կարևորել են ժողովուրդների ազատությունն ու իրավահավասարությունը, մարդու իրավունքներն ու համընդհանուր ժողովրդավարական արժեքները։ Այդ իրողության վառ արտահայտությունն է նաև 2012 թվականի հոկտեմբերի 25-ին նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ անկախության և նրա բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր շունչ ու բովանդակություն կհաղորդվի Արցախի և Նոր Հարավային Ուելսի միջև բարեկամական կապերին՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության հաստատմանը։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ Ձեր առաքելության իրականացման ճանապարհին»։ Հիշեցնենք, որ Ավստրալիայի Ազատական կուսակցության ներկայացուցիչ հայազգի 45-ամյա Գլեդիս Բերեջիկլյանը երեկ՝ հունվարի 23-ին ստանձնել է Ավստրալիայի տնտեսապես ամենազարգացած և 7 միլիոն բնակչություն ունեցող նահանգի` Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր