211652_close_icon
views-count2677 դիտում article-date 20:13 24-01-2017

Հայ և թուրք ֆոտոլրագրողների ցուցահանդեսն այն կողմ է պատմությունից, այն կողմ է քաղաքականությունից. Ռիչարդ Միլս

Մենք միշտ նշել ենք, որ հաշտեցման համար պետք կլինի 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների լիարժեք, ամբողջական ճանաչում: Երևանում Նորարար փորձառական կենտրոնում անցկացվող «Կամրջելով պատմությունները» (#Bridgingstories) խորագրով ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Ցուցահանդեսում ներկայացված են 24 հայ և թուրք ֆոտոլրագրողների 5 ամիսների ընթացքում արած ուշագրավ լուսանկարները, որոնցում ներկայացրել են իրենց կյանքն ու առօրյան՝ շեշտադրելով երկու ժողովուրդների նմանությունները: «Այսպիսի ցուցահանդեսը այն կողմ է պատմությունից, այն կողմ է քաղաքականությունից: Այն ցույց է տալիս, թե ինչ ընդհանրություններ կան: Դա է ամբողջ գեղեցկությունը: Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցում լինի, դա բխում է տարածաշրջանի, Կովկասի շահերից: Դա կբերի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ասաց ԱՄՆ դեսպանը: Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո կազմակերպված «Կամրջելով պատմությունները» ծրագրի մասնակիցներից 12-ը՝ Հայաստանից են, 12-ը՝ Թուրքիայից, որոնք ընտրվել են մրցութային հիմունքներով անցյալ տարվա ամռանը, ապա մասնակցել են ֆոտոլրագրության դասընթացի, որը տեղի է ունեցել Դիլիջանում: Հետո նրանք վերադարձել են իրենց բնակավայրեր աշխատել և ներկայացրել են արդյունքները: Մասնակիցների հետ դասընթացներ են վարել Անուշ Բաբաջանյանը՝ Հայաստանից և Սերա Ակջանը՝ Թուրքիայից, ուսուցումների հարցում մասնակցել է նաև National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը:

Նմանատիպ նյութեր