211652_close_icon
views-count2701 դիտում article-date 13:56 24-01-2017

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Հունվարի 23-ին Հաագայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ հոլանդական կողմը`Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Պիտեր Յան Կլեյվեխ դը Զվանը: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Նիդերլանդների ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Ադրիան Պալմը: Խորհրդակցությունների ժամանակ կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգի և տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ և դրանց անդրադարձը տարածաշրջանային կայության և անվտանգության վրա։ կատարվեց նաև միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, Հայաստանում ընթացող բարեփոխումներին ու դրանցում հոլանդական կողմի՝ որպես ավանդական աջակցի մասնակցության շարունակականության ապահովմանը վերաբերող հարցերին: Փոխնախարար Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ - ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, ՀՀ-ԵՄ համագործակցության ուղղությունները: Քննարկվեցին նաև Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն ու Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության ազդեցությունը դրանց վրա: Հոլանդական կողմի խնդրանքով, ԱԳ փոխնախարար Նազարյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունն ու խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները:

Նմանատիպ նյութեր