211652_close_icon
views-count5068 դիտում article-date 19:08 22-01-2017

Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները․ հետաքրքիր փաստեր

Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի։ Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին։ Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը։ Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել։ Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել։ Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ։ Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։

Նմանատիպ նյութեր