211652_close_icon
views-count7361 դիտում article-date 23:09 21-01-2017

Ամփոփվեց ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը

Սույն թվականի հունվարի 21-ին ԼՂՀ ոստիկանությունում ամփոփվեց ոստիկանության քրեակատարողական վարչության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը: Խորհրդակցությունը ղեկավարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: Մասնակցում էր ոստիկանության քրեակատարողական վարչության անձնակազմը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մհեր Պողոսյանը, ով մանրամասը ներկայացրեց քրեակատարողական վարչության 2016թ. ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: ԼՂՀ ոստիկանության պետը, կարևորելով ոստիկանության քրեակատարողական վարչության գործունեության առաջնայնությունը, մի շարք առանցքային ուղղություններով ցուցումներ և հրահանգներ առաջադրեց քրեակատարողական հիմնարկի պատասխանատուներին: «Լավ» գնահատականի արժանացնելով ոստիկանության քրեակատարողական վարչության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը՝ ոստիկանության պետը պահանջեց ամենախստագույնս հետևել կալանավորների և դատապարտյալների իրավունքների ապահովմանը: «Հանցագործության կատարման համար պատիժ կրելը պետք է ծառայի օրենսդրությամբ սահմանված իր կարևորագույն նպատակին՝ ուղղի և վերադաստիարակի անձին, որպեսզի պատիժը կրելուց հետո անհատը կարողանա ինտեգրվել հասարակությանը և դառնա մեր հասարակության լիարժեք և օրինապահ քաղաքացի», - նշեց ոստիկանության պետը: ԼՂՀ ոստիկանության պետի կողմից կադրային փոփոխություն կատարվեց ոստիկանության քրեակատարողական վարչությունում: ԼՂՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանները, համաձայն որոնց քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մհեր Պողոսյանը անձնական նախաձեռնությամբ, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվեց ԼՂՀ ոստիկանությունում ծառայությունից: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից և նշանակվեց ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետի պաշտոնում: Արժեքավոր նվերով պարգևատրելով Մհեր Պողոսյանին և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորելով ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանին՝ ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ քրեակատարողական վարչության նորանշանակ պետը կկարողանա արդարացնել իր հանդեպ ցուցաբերված վստահությունը և ավելի բարձրացնել վարչության ծառայության արդյունավետությունը:

Նմանատիպ նյութեր