211652_close_icon
views-count3756 դիտում article-date 12:29 21-01-2017

Մեկնարկել է ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքը. ՈՒՂԻՂ

Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի երիտասարդական հավաքը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների մասնակցությամբ հավաքն անցկացվում է մի քանի փուլով և ինտերակտիվ ձևաչափով։ Օրը հագեցած է լինելու հանդիպումներով, քննարկումներով ու հարցուպատասխանով։ Եվ այդ ամենի առանցքում շեշտադրվելու են ՀՀԿ 16-րդ համագումարում ՀՀ Նախագահի՝ երիտասարդ քաղաքական գործիչներին ուղղված 7 խորհուրդներն ու դրանց կենսագործման ուղիները։ Առաջին փուլում՝ «Խոսք ու զրույց» ֆորմատով հանդիպման ընթացքում, երիտասարդ հանրապետականներին իրենց պատմություններն են ներկայացնում տարբեր ոլորտներում նշանակալի հաջողություններ գրանցած գործիչներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ իր կյանքի կարևոր նվաճումների ապացույցն է այսօրվա հրավերը. «Ամբողջ կյանքում ուսանել, պրպտել, փնտրել, հասնել նաև հաջողությունների և այդքան ապրելուց հետո մնալ երիտասարդ. սա հաջողություն է։ Ես իմ մանկությունը, պատանեկությունն անցկացրել եմ Խորհրդային Միությունում։ Եվ եթե այսօր ինձ հարցնեին՝ ինչպես կուզեիք Ձեր կյանքը անցկացնել, ես կասեի՝ ինչպես ապրել եմ։ Երևի սա կյանքի ամենակարևոր հաջողություններից է, որ մարդ իր ապրած որևէ օրվա համար չի զղջում։ Կյանքը միայն ուրախ օրերով, բարձր նվաճումներով չէ։ Բայց կյանքի ամեն վայրկյանը արժևորելը բերում է վերջնական մի մեծ գումարի»։ Բանախոսը անդրադարձել է իր կյանքի պատմությանը, նշել այն դժվարությունները, որ խորհրդային տարիներին կրել է, երբ որոշել է դառնալ հոգևորական։ Տեր Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը երիտասարդներին խորհուրդ է տվել՝ ինչով զբաղվում են, զբաղվեն լրջորեն։ Կյանքում ինչ անում են, անեն սիրով։ Հաջորդիվ երիտասարդ հանրապետականները կունկնդրեն ու կբացահայտեն մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկագիտության և այլ ոլորտների ներկայացուցիչների կերտած հաջողությունները։ Իսկ օրվա երկրորդ մասում երիտասարդներին սպասվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կքննարկվեն տնտեսության, արդարադատության, անվտանգության, ֆինանսների, ինչպես նաև ներքաղաքական և միջազագային օրակարգի հիմնախնդիրները և դրանց լուծումները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը նկատում է, որ «Խոսք ու զրույց» խորագրի ներքո հանդիպումներն այսուհետև հաճախ են տեղ գտնելու լինելու իրենց ծրագրերում։ «Մենք ունենք բազմաթիվ մարդկանց հաջողության պատմություններ, մեր շուրջն ապրում են հաջողած գործարարներ, գիտնականներ, ծրագրավորողներ, արվեստագետներ և այլ մասնագետներ, սակայն նրանց մասին երիտասարդները շատ դեպքերում չգիտեն։ Մենք սովոր ենք խոսել վատ բաների մասին, սակայն մենք ուզում ենք, որպեսզի հանրությունը տեսնի, որ իր կողքին ապրում են մարդիկ, որոնք իրենց քրտնաջան աշխատանքի, գիտելիքների, նվիրվածության արդյունքում հաջողություններ են գրանցել։ Այդ օրինակները կարող են վարակիչ դառնալ, շարժիչ ուժ լինել երիտասարդների համար։ Այս ձևաչափը մենք ընդլայնելու ենք։ Իրականում շատ դժվար էր ընտրել այսօրվա բանախոսներին, քանի որ մեր կողքին ապրում ու արարում են շատ հետաքրքիր մարդիկ, ուստի նրանց գործունեությունը շարունակաբար ներկայացնելու ենք»,- ասում է Կարեն Ավագյանը։ Ի դեպ, «Խոսք ու զրույց» ձևաչափով հանդիպումը հեռարձակվում է առցանց։ Ուղիղ հեռարձակումը՝ [url=https://www.youtube.com/watch?v=0P5kyGICprA]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր