211652_close_icon
views-count3077 դիտում article-date 15:30 19-01-2017

Կարեն Կարապետյանի հանձնարարականներով մշակվել է 101 իրավական ակտ, որից 51-ն արդեն ընդունվել է.

ՀՀ Կառավարության նիստի ժամանակ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանի տրված հանձնարարականների ամփոփումը` 2016-ի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 -ի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում: Հարությունյանի փոխանցմամբ՝ այս ընթացքում մշակվել է 101 իրավական ակտ, որից 51-ն ընդունվել է: Դավիթ Հարությունյանը անդրադարձավ կարևոր և հանրային հնչեղություն ունեցող որոշումներին. «Կարևոր կետերից մեկը լիազորությունների ապակենտրոնացումն է: Կան նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ Կառավարությունը որոշումներ չի ընդունելու: Դրա վառ օրինակը վերջերս ընդունված այն կարգավորումն է, որ բացի պահուստային ֆոնդի միջոցով իրականացող վերաբաշխումները, մյուս բոլոր վերաբաշխումները կիրականացվեն հենց լիազոր մարմնի կողմից և այլև անհրաժեշտ չի լինի Կառավարության կողմից որոշման ընդունումը: Նմանատիպ փոփոխություններ տեղի են ունեցել նաև վարձակալական ՊՈԱԿ-ների վերաբերյալ և այլն»,- նշեց Հարությունյանը: Դավիթ Հարությունյանը նշեց «Գնումների մասին» օրենքը, որն ավելի ճկուն և թափանցիկ մեխանիզմ է առաջարկում: Կարևորեց նաև ՊՈԱԿ-ների, աշխատակազմերի օպտիմալացումը. «2017 թվականին կատարված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն տնտեսելու 3,9 մլրդ դրամ»: Աշխատակազմի ղեկավար-նախարարը նկատեց, որ բիզնեսի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել. «Կարելի է հիշատակել շատ տարբեր որոշումներ՝ սկսած էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրումից մինչև գյուղոլորտում ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող գազի սակագնի մեղմացնող միջոցառումները: Առանձնահատուկ կուզենայի նշել այս շարքում մեկ որոշում՝ Հայաստանից Իրան սննդամթերքի և գյուղմթերքի արտահանումը և այլն»:

Նմանատիպ նյութեր