211652_close_icon
views-count4160 դիտում article-date 21:03 18-01-2017

Շինբարեկարգման ոլորտում իրականացված ծրագրերի վերջին չորս տարիների ծավալները գերազանցել են նախորդող տարիների համապատասխան ցուցանիշները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում 2016 թվականին համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերով կատարված աշխատանքների հաշվետվությունները, նաև խոսել  2017թ. նախատեսված ծրագրերի մասին: Անդրադառնալով շինարարության և բարեկարգման ոլորտին` նշվել է, որ շարունակվել են փողոցների, կառուցման և վերակառուցման աշխատանքները: Տարեկան ծրագրով նախատեսված 386 փողոցներում և բակերում իրականացվել է շուրջ 800 000 քմ ասֆալտբետոնե ծածկի նորոգում: Հաշվի առնելով, որ 2016 թվականի ծրագրերը ևս իրականացվել են Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրով նախանշված առաջնահերթությունների հենքով, քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է, որ ցուցանիշների ծավալներն էլ համապատասխանաբար կներկայացվեն նաև այդ համատեքստում: Մայրաքաղաքում 2013-2016թթ. կառուցվել է 12.1 կմ նոր ճանապարհ՝ այդ թվում Լենինգրադյան Իսակով, Ուլնեցի- Ռուբինյանց, նաև ԱԶԲ աջակցությամբ՝ Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի շրջանցիկ նոր ճանապարհի 5 կմ երկարությամբ հատվածը: Միևնույն ժամանակ Կամո Արեյանը նշել է, որ մայրաքաղաքում վերակառուցվել է 17.3 կմ ճանապարհ: Հատկանշական է, որ փողոցների կառուցման ու վերակառուցման ծրագրերի ընթացքում ստեղծվել է շուրջ 6 հեկտար նոր կանաչ գոտի: Փողոոցների և խաչմերուկների վերակառուցման ծրագրով վերջին 3 տարվա ընթացքում բացվել են նաև մի շարք փողոցներ ու փակուղային հատվածներ: Առանձնացվել են Տիգրան Մեծ պողոտայի և Գլինկայի փողոցի կամրջային հատվածով կապվող, Արամի-Տերյան- Բուզանդ-Քոչինյան փողոցների հատվող հատվածները, ինչպես նաև Ռիգայի փողոցի կամրջային հատվածը: Նշվել է, որ հետիոտների անվտանգության նկատառումներով մայրաքաղաքում ավելացել են նաև վերգետնյա հետոտնային անցումները՝ դրանք հասցնելով 27-ի: Մայթերի սալիկապատման և եզրաքարերի նորոգման մասով նշվել է, որ 2016թ. սալիկապատվել է 3825 քմ մայթ՝ 67 հասցեներում, 53 հասցեներում էլ նորոգվել է 1316 գծմ եզրաքար: Կամո Արեյանը նշել է, որ 2013-2016 թվականներին իրականացվել են 48420 քմ սալիկապատման աշխատանքներ, ինչը 3 անգամ գերազանցում է 2010- 2011 թվականների ծավալը: Նշվել է, որ 2017-ին կշարունակվի նաև հենապատերի նորոգումը:

Նմանատիպ նյութեր