211652_close_icon
views-count45128 դիտում article-date 13:05 18-01-2017

Արտակարգ իրավիճակ «Քանաքեռ ՀԷԿ»-ի ճանապարհին. КамАЗ-ը «ողջագուրվել» է էլեկտրասյանը. փրկարարները նաև ՃՈ աշխատակից են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 18 հասցեի դիմաց 60-ամյա Ազատ Թևոսյանը իր վարած КамАЗ մակնիշի 68 ՕՕ 218 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն երթևեկությունը նշված հատվածում դարձել է «աջաբսանդալ», քանի որ էլեկտրասյան ծռվելու հետևանքով էլեկտրալարերը, որոնք ասես լինեին ձուկ բռնելու կարթ, կախվել ու անանցանելի են սարքել նշված ճանապարհահատվածը։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Վահե Գևորգյանի գլխավորությամբ, 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները կարճ ժամանակում հոսանքազրկել են նշված հատվածը, ապա մի մասը դեպքի վայրում կատարում էր ճանապարհային ոստիկանի գործառույթները, մի մասն էլ փորձում էր հատուկ սարքավորումների միջոցով կախված հոսանքալարերը հեռացներ։ Կարճ ժամանակում դեպքի վայր ժամանեցին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները, ովքեր նույնպես տեղում սկսեցին ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ, որպեսզի կողաշրջված սյունը մեքենայի վրայից հեռացնեն, որ նոր կարողանան КамАЗ-ը դուրս բերել։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վնասվել է նա մեկ այլ բետոնե էլեկտրասյուն և ՀԷՑ-ի աշխատակիցները, տեսնելով դա, հայտնեցին, որ մի քանի օրերի ընթացքում այս սյունը պետք է փոխվի, քանի որ արդեն դարձել է վտանգավոր և ամեն պահի հնարավոր է՝ շրջվի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր